“Վարդան Ղուկասյանը մեռած ա, թաղած չի…”. Հայկական ժամանակ
Կա երեք տեսագրություն, որտեղ երեւում է, թե ինչպես է ապրիլի 12-ին սպանված գյումրեցի, Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացու Կարեն Եսայանի սպանության համար մեղադրվող Հարություն Սարգսյանը դեպքի օրը մոտենում եւ նստում Կարեն Եսայանի մեքենան, եւ մի քանի րոպե անց մեքենան շարժվում է:
“Հայկական ժամանակ” օրաթերթին այս մասին ասել է Կարենի մայրը` Անահիտ Իսկանդարյանը, նշելով, որ տեսագրությունները արված են ավտոլվացման կետի, “Առէկսիմբանկի” եւ “Դղյակ” համալիրի տեսախցիկներից: Նա անդրադարձել է նաեւ թերթի երեկվա նյութին, որը վերաբերում էր Եսայանների ընտանիքում կասկածելի մահերին:
“Մահվան այդ դեպքերը իրար հետ ոչ մի կապ չունեն, ու պետք չէ կասկածելի բաներ փնտրել”,- ասել է նա եւ ավելացրել, որ ինքը կասկած անգամ չունի, որ իր որդուն սպանողը արդեն կալանավորված Հարություն Սարգսյանն է:
“Խանդի հող ստեղ հաստատ չկա, կոնկրետ չգիտեմ, թե ինչ կա, մենակ գիտեմ, որ մեծ պատվով տղա եմ կորցրել: Ու Վարդան Ղուկասյանն էլ տղայիս սպանության հետ ոչ մի կապ չունի: Հիմա իրա վիճակը գիտե՞ք: Ինքը մեռած ա, թաղած չի: Ինքը աղջիկ էր տվել իմ տղուն”,- ասել է սպանված Կարեն Եսայանի մայրը: