Լուսինե Վայաչյանը շվարած է ոստիկանապետի արարքից
Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը օրերս, իր մեկ ամսվա աշխատավարձը` 300 հազար դրամ փոխանցեց հեպատիտ C-ով տառապող լրագրող Լուսինե Վայաչյան-Բալասանյանի հաշվեհամարին: Ոստիկանապետին հուզել էր Լուսիենի դստեր` Նարեի նամակը “Ֆեյսբուք” սոցկայքում, որով աղջիկը խնդրում էր օգնել փրկելու իր “պուճուր-մուճուր մամային”:
Լուսինե Վայաչյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքը չէր սպասում ոստիկանապետի կողմից նման քայլ: Իր իսկ խոսքով, “շվարած էր, քանի որ որպես լրագրող ոստիկանությանը գովերգողներից չի եղել”:
“ Մարդը քրիստոնեական ճիշտ արարք է արել, որպես մարդ, ոչ թե որպես ոստիկանապետ, այդպես եմ մտածում”,-ասաց Լուսինեն` ավելացնելով, որ ինքը ողջունում է “մարդու կյանքի փրկությանն ուղղված, գթասրտության մղումով արված ցանկացած գործողություն”:
“Գուցե հետո սա ընդհանուր տենդենց դառնա պաշտոնյաների մակարդակով, ովքեր աշխատավարձ են ստանում մեր վճարած հարկերից, որ նրանք էլ բարի գործեր անեն, մարդկային կյանքեր փրկեն: Թող որ համակարգը վատ ա աշխատում առայժմ, բայց գոնե առանձին մարդիկ առանձին տեղերում լավն են: Մինչեւ` տեսնենք…”,-ասաց նա:
Լուսինեի խոսքով, բացի իրենից`” հազարավոր հեպատիտով հիվանդներ կան, պետությունը նրանց չի բուժում”: “Ու ոչ ոք “շուխուր” չի անում, ու էդ մասին ոչ ոք չի էլ իմանում: Պետությունը պետք ա վերջապես մտածի հեպատիտով հիվանդներին պետբյուջեի հաշվին բուժելու մասին, ոչ թե մնան բարեգործության հույսին: Ես չեմ ուզում մենակ փրկվել, ես ուզում եմ բոլո՛րն ունենան հնարավորություն բուժվելու:
Ու ոչ միայն հեպատիտով հիվանդները, այլ ողջ հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում անվճար բուժում չկա”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Վայաչյանը:
Ի դեպ, եթե պաշտոնյաները, գործարարները պատրաստ են օգնել մարդկանց, ապա Լուսինեն կարող է տրամադրել մեծ ցուցակ: “Նրանց ցուցակը, ովքեր փող չունենալու պատճառով կարող են չապրել, չնայած կարող էին”: