26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Չիպով անձնագրերն ու ID քարտերը` հունիսի մեկից

 

 

 

 

 

 

 

Այս տարվա հունիսի մեկից Հայաստանում կավարտվի կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի /ID քարտ/ ներդրման գործընթացը: Այս մասին այսօր “Հենարան” մամուլի ակումբում տեղեկացրեց ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը:  Նոր համակարգը մշակվել է դեռ 2008թվականին  ՀՀ-ում միգրացիայի համակարգի բարեփոխումների համատեքստում:

Կենսաչափական տվյալներով անձի ինքնությունը  հավաստող փաստաթղթերի ներդրման անհրաժեշտությունը պայմանավորված է նաեւ ՄԱԿ-ի ԱԽ 2001` ահաբեկչության դեմ պայաքարի ուղղությամբ ընդունված բանաձեւով, ինչպես նաեւ ՀՀ-ԵՄ համագործակցությամբ:  Հովհաննես Քոչարյանի խոսքով, համակարգը ՀՀ քաղաքացիներին թույլ կտա ԵՄ տարածք մուտք գործելիս ունենալ մուտքի վիզայի պարզեցված ռեժիմ:

“Մենք ակնկալում ենք, որ նոր սերնդի անձնագրերի համակարգի ներդրմամբ կնվազեցվի անձը  հաստատող փաստաթղթի կեղծման հնարավորությունը, հնարավորություն կտրվի պարզեցնել եւ ավտոմատացնել անձի նույնականացման  գործընթացը, կմեծանա անցանկալի անձանց հայտնաբերման գործընթացը  եւ քաղաքացիները հնարավորություն կունենան ԵՄ անդամ երկրների մուտքի վիզա ստանալ պարզեցված ընթացակարգով”,-համակարգի նպատակները ներկայացրեց Հովհաննես Քոչարյանը:

Ինչ վերաբերվում է նույնականացման քարտերին, դրանք նախատեսված չեն ճամփորդելու համար: Նույնականացման քարտերը եւս համարվում են անձի ինքնությունը հաստատող փաստաթղթեր: Բանախոսը նշեց, որ նույնականացման քարտերի հնարավորություններն ավելի մեծ են եւ դրանց կիրառման արդյունավետությունը կբարձրանա  ՀՀ-ում էլեկտրոնային կառավարման համակարգի զարգացմանը զուգահեռ:

Նույնականացման քարտերում եւ կենսաչափական անձնագրերի վերջին էջի հատվածում գտնում է այսպես ասած  չիպը կամ էլեկտրոնային պահոցը, որը պարունակում է քաղաքացու տվյալները, մասնավորապես, անուն ազգանուն, ստորագրություն, մատնահետքեր:  Կենսաչափական անձնագրերում ՀՀ քաղաքացիների մատնահետքերը կնշվի` սկսած վեց տարեկանից, քանի որ ձեռքի մատների գծանախշերը սկսվում են ձեւավորվել այդ տարիքից: Նույնականացաման քարտերում ի տարբերություն բիոեմետրիկ անձնագրերի, կբացակայեն մատնահետքերը: Այստեղ քաղաքացու ցանկությամբ կնշվի նաեւ արյան խումբը եւ ռեզուս գործոնը, իսկ կենսաչափական անձնագրերում` ամուսնության կամ ամուսնալուծության  եւ զինապարտության մասին նշումները:

Նույնականացման քարտում կներառվի նաեւ քաղաքացու սոցիալական քարտի համարը:  Հանրային ծառայություններից օգտվելիս քաղաքացին կազատվի բյուրոկրատական քաշքշուկներից: Կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի ներդրմանը զուգահեռ կգործեն նաեւ հին նմուշի անձնագրերը, որոնք վավերական են լինելու եւ ՀՀ-ում եւ ՀՀ-ից դուրս: Ի տարբերություն այս անձնագրերի, կենսաչափական անձնագրերում չի լինելու ելքի վիզայի կնիքը:

Հովհաննես Քոչարյանը ասաց, որ նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը պարտադիր չեն, դրանք ստանալը ոչ թե քաղաքացու պարտավորությունն է, այլ` իրավունքը:

Նոր նմուշի անձնագիր ստանալու համար սահմանված պետական տուրքը 25 հազար դրամ է, իսկ նույնականացման քարտի համար` երեք հազար դրամ: “Մեր քաղաքացիները ունեն ընտրության հնարավորություն, սոցիալապես անապահով քաղաքացին կամ այն քաղաքացիները, որոնք ավելի քիչ են ճամփորդում , կարող են ստանալ հին նմուշի անձնագիր եւ վճարել հազար դրամ պետտուրք”,-նշեց Հովհաննես Քոչարյանը:

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ