ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ լիագումար նիստին
ՀՀ ԱԺ պատվիրակությունը, որի կազմում էին պատգամավորներ Արտակ Դավթյանը, Հրայր Կարապետյանը, խորհրդարանի փոխնախագահ Սամվել Բալասանյանի գլխավորությամբ մայիսի 15-ից 18-ը մասնակցել է Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ՄԽՎ 37-րդ լիագումար նիստին: ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի նիստի ընթացքում քննարկվել է 14 մոդելային օրենք: Մասնակիցները կարեւորել են ‘Գիտական գործունեության ժամանակ գիտնականների էթիկայի մասին’ մոդելային օրենքը: Օրենքի հեղինակները կարեւորել են գիտնականների պատասխանատվությունը ողջ մարդկության հանդեպ` գիտական արդյունքների կիրառման ժամանակ:
Վեհաժողովի լիագումար նիստում ներկայացվել է ԱՊՀ դիտորդների զեկույցը` 2012թ. մայիսի 6-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: Դիտորդները բարձր են գնահատել ընտրությունների անցկացման ընթացքը: Նրանք հատկապես կարեւորել են ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին քարոզարշավն իրականացնելու եւ լուսաբանելու համար հավասար հնարավորությունների տրամադրումն ու ընտրական հանձնաժողովների բարձր պատրաստվածությունը: Դիտորդները շեշտել են, որ Հայաստանում առկա է եղել առողջ մրցակցություն:
ԱԺ պատվիրակության անդամները մասնակցել են ԱՊՀ ՄԽՎ խորհրդի եւ երեք հանձնաժողովների նիստերի աշխատանքներին: Կարեւոր քննարկումներ են ընթացել ԱՊՀ անդամ երկրների երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողով ստեղծելու հարցի շուրջ: Հայաստանի երիտասարդական խորհրդարանը դիտարկվել է որպես նման կառույցի ստեղծման մոդելային փորձ: ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն նշել է, որ ամենայն հավանականությամբ, աշնանը կձեւավորվի ԱՊՀ անդամ երկրների երիտասարդական միջխորհրդարանական վեհաժաղովը:
Հայ խորհրդարանականները մասնակցել են նաեւ ՀԱՊԿ ԽՎ խորհրդի եւ լիագումար նիստի աշխատանքներին: Այստեղ եւս բարձր են գնահատվել Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները:
ԱՊՀ ՄԽՎ կազմավորման 20-րդ եւ ՀԱՊԿ ԽՎ կազմավորման 10-րդ ամյակներին նվիրված միջոցառումների շրջանակներում ԱՊՀ ԽՎ-ում եւ ՀԱՊԿ ԽՎ-ում Հայաստանի Աժ-ի պատվիարկության ղեկավարներն ու անդամները, ակտիվ եւ արդյունավետ աշխատանքի համար արժանացել են մեդալների ու պարգեւների:
Սանկտ Պետերբուրգում ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը ներկա է գտնվել հայազգի գեներալ Վ. Մադաթովի 230-ամյակին նվիրված միջոցառմանը: