Քոչարյանը պատասխանեց
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Henaran.am-ը ուղիղ եթեր է արձակում ակումբում կազմակերպվող մամուլի ասուլիսները, ոոնց ընթացքում հնարավորություն ունեն հյուրերին հարցեր ուղղել նաեւ մեր ընթերցողները: Օրերս ընթերցողներից մեկը հարց էր ուղղել ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ, գնդապետ Հովհաննես Քոչարյանին:
“Հարգելի պարոն Քոչարյան
Վարդենիսի բնակիչ Արա Նալբանդյանի փախստականի վկայականը Ձեր աշխատակիցները 2 տարի առաջ վերցրել են իրեն մոտից, հիմք ընդունելով միգրացիոն պետական ծառայության գրությունը, իբր նա փախստական չի համարվում: Ներկայումս Ա.Նալբանդյանը չունի անձը հաստատող որեւէ փաստաթուղթ, որով կարողանա բողոքարկել միգրացիոն պետական ծառայության գրությունը: Բազմաթիվ դիմումներին հստակ պատասխան չեն տրվում, իսկ փաստաթուղթը ետ չի վերադարձվում, որպեսզի անձը կարողանա օգտվի իր իրավունքներից: Վերջին դիմումին փաստաթուղթը վերադարձնելու մասին, ուղղված ՀՀ ոստիկանապետին, Ձեր ստորագրությամբ գրություն է ստացվել, որում Դուք նկարագրում եք բողոքարկելու կարգը:
Այդ կարգին մենք լավ ծանոթ ենք եւ խնդրում ենք ընդամենը ետ վերադարձնել փաստաթուղթը: Ասեմ նաեւ, որ Վարդենիսի զինկոմիսարիատն էլ իր հերթին է անհանգստացնում նրան:
Ստացվում է շղթայական կապ` միգրացիան զրկում է կարգավիճակից, ԱՎՎ-ում վերցնում են միակ անձը հաստատող փաստաթուղթը, որպեսզի չկարողանա բողոքարկել, զինկոմիսարիատն էլ իր հերթին ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձին բանակ է ցանկանում տանել”,-Henaran.am-ին դիմել էր ընթերցողներից մեկը:
Հովհաննես Քոչարյանն այսօր մեզ տեղեկացրեց, որ ինքը հարցում է ուղարկել միգրացիոն պետական ծառայությանը` ճշտելու Արա Նալբանդյանի կարգավիճակը: “Հավաստիացնում եմ, որ փաստերը ճշտելուց հետո նա կստանա անձնագիրը”,-ասաց Քոչարյանը:g