Տարոն Մարգարյանի մեկնաբանությունը` Փակ շուկայի շուրջ
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը “Ֆեյսբուք”-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Փակ շուկայի շուրջ ստեղծված իրավիճակին` նշել է, որ շուկայում շինարարական թույլտվություն իրականացնելու թույլտվություն քաղաքապետարանը չի տրամադրել։
“Հարգելի համաքաղաքացիներ, տարբեր լրատվամիջոցներով տարածված տարաբնույթ տեղեկատվության, ինչպես նաեւ իմ ֆեյսբուքյան էջում մայրաքաղաքի Մաշտոցի պողոտայում գտնվող թիվ 1 փակ շուկայում ընթացող աշխատանքների, շուկայի ճակատագրին վերաբերող հարցերի առնչությամբ տեղեկացնում եմ, որ շուկայում շինարարական աշխատանքներ իրականացնելու թույլտվություն Երեւանի քաղաքապետարանը չի տրամադրել:
Կատարվածն առնչվում է շինարարական կառուցվածքների փլուզմանը, որոնց ամրացման նպատակով տնտեսվարողի կողմից սեփական նախաձեռնությամբ միջոցներ են ձեռնարկվել ամրացման աշխատանքներ իրականացնելու` վթարային իրավիճակներից եւ փլուզումից խուսափելու նպատակով”,– մասնավորապես գրել է Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետը նաեւ գրել է, որ օրվա ընթացքում շուկայի տարածքում աշխատել է Երեւանի քաղաքապետարանի եւ ՀՀ մշակույթի նախարարության ներկայացուցիչների մասնագիտական խումբը, որի ուսումնասիրությունների արդյունքում տրված եզրակացությունից հետո կորոշվեն հետագա քայլերը, իսկ եզրակացության եւ ձեռնարկվելիք քայլերի մասին համապատասխան տեղեկատվություն կտրամադրվի: