Ասրյանը հերքում է
Մինչ փորձագիտական շրջանակները հաստատում են գործող վարչապետի պաշտոնավարման շարունակականությունը, մամուլը շարունակում է վարչապետի թեկնածուների անուններ քննարկել: Շրջանառվում է նաև “Վիվասել-ՄՏՍ” ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի անունը:
Մեզ չհաջողվեց կապ հաստատել ու մեկնաբանություն ստանալ անձամբ Ռ.Յիրիկյանից: Փոխարենը, այդուհանդերձ, ով կղեկավարի կառավարությունը, հարցն ուղղեցինք սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանին: Henaran.am-ին Ասրյանն ասաց հետեւյալը.
“Անձամբ ճանաչելով մեծ հայրենասեր Ռալֆ Յիրիկյանին, ծանոթ լինելով նրա հայրենանվեր գործունեությանը` ուղղակի բացառում եմ Ռալֆ Յիրիկյանի քաղաքականությամբ զբաղվելու մտադրություններն ու ցանկությունները: Բազմաթիվ անգամ Ռ.Յիրիկյանը հերքել է նման խղճուկ , ողորմելի հայտարարությունները, որոնք միշտ էլ արվել են չարակամ, թունավոր, տգետ մարդկանց կողմից: Ըստ իս, Ռ.Յիրիկյանը իր պրոֆեսիոնալ ունակություններով, իր աշխատասիրությամբ մեծ պատասխանատվությամբ ծառայում է հայոց պետականությանը ` իր մեծագույն ներդրումն ունենալով հայոց տնտեսության զարգացման մեջ: Կրկնում եմ` ուղղակի բացառելով նրա քաղաքական գործունեությունը, վստահաբար նշում եմ, որ Հայաստանի վարչապետը կլինի ինչպես ՀՀ նախագահի , այնպես էլ Հանրապետական կուսակցության արժանավոր թեկնածուներից մեկը”,- մեզ հետ զրույցում նշեց ՀՀԿ-ական փոխնախարարը: