ՏՏ ոլորտը Հայաստանում կործանման եզրին է. Հայկական ծրագրեր ընկերության տնօրեն
Հայկական Ծրագրեր Ընկերությունը Հայաստանում, ՏՏ բնագավառում, աշխատում է արդեն 25 տարի: Ընկերությունն ունի 125 աշխատակից:
Մենք ունենք 3000-ից ավելի պատվիրատուներ: Մեր համակարգերով աշխատում են Հայաստանի բանկերի, վարկային կազմակերպությունների, մասնավոր և պետական կազմակերպությունների ճնշող մասը:
Մենք հպարտանում ենք, որ նշանակալի ներդրում ունենք Հայաստանի ՏՏ բնագավառում:
Հայկական Ծրագրեր Ընկերությունը ամենապարտաճանաչ հարկատուն է: 25 տարվա ընթացքում մեր Ընկերությունում ոչ մի հարկային խախտում չի արձանագրվել:
Մեր Ընկերությունը հսկայական գումարներ է մուծել ՊետԲյուջե և ամենաէֆեկտիվ հարկատուներից է մի աշխատակցի հաշվով վճարվող հարկերով:
Ի տարբերություն շատ գործարարների մենք հպարտանում ենք դրանով:
Հիմա մենք ցավով արձանագրում ենք, որ ՏՏ ոլորտը Հայաստանում կործանման եզրին է:
Մենք ցանկանում ենք հաշվետվություն ստանալ ՏՏ ոլորտը բարեփոխելու կոչված կազմակերպությունների գործունեության վերաբերյալ:
Հայաստանում արդեն 10 տարի է գործում է Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը: Մեր գնահատականը այս կազմակերպության գործունեության վերաբերյալ, որը ֆինանսավորվում է մեր վճարված հարկերից, խիստ բացասական է:
Հայկական Ծրագրեր Ընկերությունը պահանջում է ՀՀ կառավարությունից կազմակերպել Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի ֆինանսական և մասնագիտական անկախ աուդիտ ամբողջ 10 տարիների համար: Աուդիտին պետք է իրավունք ունենա մասնակցել Հայաստանի ՏՏ բնագավառի ցանկացած ձեռնարկության ներկայացուցիչ:
Աշոտ Խաչատրյան,
Հայկական Ծրագրեր ընկերության տնօրեն