Որտեղ են հանգստանալու օրենսդիր մարմնի կանայք
Henaran.am-ը փորձել է պարզել, թե որտեղ են հանգստանալու Ազգային ժողովի կին պատգամավորները: ՀՀԿ խմբակցության պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանն ավանդույթը չի խախտի՝ կհանգստանա Շորժայում, որտեղ նա ամառներն անց է կացնում դեռևս 1980 թվից: «Այնտեղ ամեն քայլ, ամեն թուփ ծանոթ է, ամեն գույն, ամեն երանգ, ամեն ճայ ծանոթ է»,- ասաց նա և ապա ուղղեց, որ դա հանգիստ չէ Սևանում, որ մեկ էլ թանկ հաճույք լինի: «Սևանն ուրիշ բան է, Շորժան՝ ուրիշ»,- նկատեց նա:
«Այնտեղ բոլորս միասին ենք մեծացել, և այսօր մեր զավակներին ենք տանում, մենք իրենց տարիքին էինք, որ այնտեղ հանգստանում էինք»,- ասաց նա: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ասաց, թե չի գնալու այս ամառ հանգստանալու: «Ես արդեն իսկ հանգիստ եմ և Երևանում եմ լինելու»,- ասաց նա: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նշեց, թե այս տարի հասկանալի պատճառներով չի մեկնի հանգստի, փոխարենը մարզերում կուսակցությունը իր կառույցների հետ մեծ աշխատանք ունի կատարելու: Զոհրաբյանը նշեց, որ իր փոխարեն ընտանիքը կգնա ծովափնյա հանգստի: