Ընտրական օրենսգիրքը պետք է նախապես հրապարակվեր եւ քննարկվեր. Լարիսա Ալավերդյան
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ տնօրեն, մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանի համար կարեւորագույն նշանակություն ունի Ընտրական օրենսգիրքը, որը դեռեւս չի հրապարակվել:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Լարիսա Ալավերդյանը նշեց, որ Ընտրական օրենսգիրքը գոնե պետք է նախապես քննարկման դրվեր:
«Ասում են՝ համամասնական ընտրակարգ, բայց սա շատ քիչ է հասկանալու համար, թե իրականում իրենից ինչ է ներկայացնում այս համակարգը: Մեզ հրամցնում են մի բան, որը շատ դժվար ընկալելի է լինելու, շատ բարդ համակարգ է»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:
, Լարիսա Ալավերդյանին զարմացրել է Սահմանադրության այն կետը, որի համաձայն՝ պատգամավորների թիվը նվազագույնը 101-ն է:
Իրավապաշտպանի դիտարկմամբ՝ պետք է հստակ նշվի, թե ԱԺ ընտրություններն իրենցից ինչ են ներկայացնելու, ինչ հանգամանքներում է լինելու ընտրությունների երկրորդ փուլը, ինչպես նաեւ թե ինչ է նշանակում «կայուն մեծամասնություն»:
«Շտապողականությունն ինձ համար անընդունելի է: Պետք է մանրամասն քննարկել ամեն ինչ»,- եզրափակեց Լարիսա Ալավերդյանը:
Նշենք, որ հուլիսի 15-ին հրապարկվել է նոր Սահմանադրության 1-7-րդ գլուխները, որտեղ հստակ նշված է, որ Հայաստանն անցում է կատարում կառավարման խորհրդարանական համակարգին։