Պատժել ՊՆ պաշտոնյաներին. ՄԻՊ
Տասը տարի ծառայելով ՀՀ զինված ուժերում՝սպայի կոչում ստացած զինծառայողը ցանկություն էր հայտնել վաղաժամկետ լուծել պայմանագիրը և պահեստազոր արձակվելու մասին երեք զեկուցագիր էր ներկայացրել հրամանատարությանը` միաժամանակ հայտնելով, որ պատրաստ է փոխհատուցել ուսման ծախսերը:
Սակայն արդեն յոթ ամիս է, ինչ Պաշտպանության նախարարությունից ոչ մի կերպ չեն արձագանքում սպայի պահանջին: Մինչդեռ Կառավարության կողմից հաստատված որոշմամբ կա հստակ պահանջ, համաձայն որիհետուսումնական պայմանագրային զինվորական ծառայությունից հրաժարվելու զեկուցագիր ստացած լիազոր մարմինը պարտավոր է ոչ ուշ, քան 15-օրյա ժամկետում ներկայացնել պատասխան։ Պաշտպանության նախարարությունը խախտել է այդ պահանջը:
Մարդու իրավունքների պաշտպանը գրություն էր ուղարկել Պաշտպանության նախարարություն՝ պարզելու օրենքի պահանջի չկատարման պատճառը։ Նախարարությունից ի պատասխան հայտնել էին, որ սպային տրվել է մեկ ամիս ժամանակ պահեստազոր արձավկելու հարցում վերջնական կողմնորոշվելու համար, այն դեպքում, երբ սպան Պաշտպանության նախարարությանը բազմիցս հայտնել էր իր` պահեստազոր արձակվելուհստակ որոշման մասին:
Նախարարության աշխատակիցների ոչ իրավաչափ գործողությունների արդյունքում Պաշտպանը հայտնաբերել է օրենքի պահանջների խախտում և առաջարկել կարգապահական պատասխանատվության ենթարկել խախտում թույլտված պաշտոնատար անձանց։