Ստամբուլում քայլերթ է տեղի ունեցել «Արմեն» ճամբարը հայ համայնքին վերադարձնելու պահանջով
Ստամբուլի Թուզլայի շրջանում գտնվող հայկական մանկատան «Արմեն» ճամբարը հայ համայնքին վերադարձնելու պահանջով քայլերթ է կազմակերպվել: Քայլերթը սկսվել է Թուզլայի ափամերձ շրջանից և ավարտվել ճամբարի տարածքում, գրում է Ermenihaber.am-ը:
Թուրքական «Radikal» լրատվական կայքի տեղեկցմամբ՝ քայլերթին մասնակցել է 500 հոգի, որոնց հետ 3կմ ճաապարհն անցել են ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) պատգամավորներ Բարըշ Յարքադաշը և Օնուրսալ Ադըգյուզելը:
Քայլերթից հետո ճամբարում հավաքված մասնակիցները հայտարարություն են արել: Թուրքիայի հայ քաղաքացիների անունից ելույթ ունեցած երիտասարտները պահանջել են ճամբարը վերադարձնել հայ համայնքին: Ելույթ է ունեցել նաև ԺՀԿ պատգամավոր Յարքադաշը՝ ասելով, թե ԺՀԿ-ն հայ ժողովրդի բարեկամն է, այն միշտ տուժողների կողիքին է և թույլ չի տա, որ որևէ մեկը տուժի:
Նա իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (AKP-ԱԶԿ) մեղադրել է խորհրդարանական ընտրություններից առաջ ճամբարը հայերին վերադարձնելու պատրանք ստեղծելու մեջ: «ԱԶԿ-ն ընտրություններից առաջ տպավորություն էր ստեղծել, թե այս վայրը հայերին է տալիս, կանխում է իրավունքների ոտնահարումը: Մինչդեռ այսօր երևում է, որ այս վայրը իրենց կողմնակիցներներին են ուզում հանձնել»,- ասել է ընդդիմադիր պատգամավորը: Նա ընդգծել է, որ ճամբարի իրական տերերը «Ակոս» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի ընկերներն են, իսկ ճամբարը Հրանտի ժառանգությունն է, որ թողել է երիտասարդներին:
«Այս ժառանգությունը հարկավոր է իրական տերերին հանձնել և կանխել իրավունքի ոտնահարումը»,- հայտարարել է Յարքադաշը՝ հավելելով, որ Թուրքիայի ազգային մեծ ժողովում (ԹԱՄԺ-TBMM) պայքարելու են իրավունքների ոտնահարման դեմ և հետևելու են ճամբարի շուրջ ընթացող զարգացումներին:
Աղբյուր` Ermenihaber.am