Նորակոչիկի ծնողները վախենում են բարձրաձայնել
Հայաստանում նորակոչիկների ծնողները դեռ դժգոհ են բժշկական հանձնաժողովների աշխատանքից: Henaran.am-ի զրուցակիցը, որը Արարատի մարզից է` դժգոհեց, որ որդին տառապում է անբուժելի հիվանդությամբ, սակայն նրան բանակ են զորակոչում: Ինչքան էլ զարմանալի է, նա խնդրեց դեռ չհրապարակել իր կամ որդու անունը:
“Կարողա գործին չօգնի գրելդ, տղաս էլ գնա բանակ, սկսեն նեղելը, դրա համար եմ ասում”,-ասաց մայրը` ավելացնելով, որ պատրաստավում է դիմել Պաշտպանության նախարարին: Նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը չբացառեց, որ գուցե լինեն հիվանդ նորակոչիկներ, որոնք բանակ զորակաչվեն:
Սա, ըստ մամուլի խոսնակի, օրենքի անկատարությունն է: “Կարող է տվյալ պահին բուժում է ստանում, կամ վիրահատվել է, նման դեպքերում օրենքը հստակեցում չի տալիս”,-ասաց խոսնակը: Նա նման խնդիրներ ունեցող ծնողներին եւ նորակոչիկներին խորհուրդ տվեց դիմել պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդին:
“Խորհուրդը շտապ կքննարկի դիմումն ու կներկայացնի նախարարին”,-ասաց Հովհաննիսյանը: Վերջինիս հավաստմամբ, իսկապես հիվանդություն ունեցող ոչ մի երիտասարդ բանակ չի զորակոչվի: