29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լաս Վեգասի արքան. եզակի ուղի /վիդեո/

Խոշորագույն հայ բարերար, ամերիկահայ ամենահայտնի գործարար եւ Լաս Վեգասի արքա Քըրք Քրքորյանը մահացել է Լոս Անջելեսում 98 տարեկան հասակում, «Ամերիկայի Ձայնին» հայտնել է գործարարի մամլո քարտուղար Թոմ Ջոնսոնը, որի խոսքով մահը պայմանավորված է բնական պատճառներով: Ամերիկայի Հայկական Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունիի խոսքով, Քրքորյանի օգնությունը չէր սահմանափակվում միայն մեկ ծրագրով կամ նույնիսկ մեկ երկրով, նա իրոք համաշխարհային մակարդակի անձնավորություն էր, որի աշխատանքը ոգեշնչել է հայերի սերունդներ, հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը:

«Աշխարհով մեկ սփռված Սփյուռքի բոլոր գաղութները զգացել են Քըրք Քրքորյանի աջակցությունը եւ այսօր բոլորս ենք ողբում այս կորուստը»:

Ըստ Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանի, Քըրք Քրքորյանի դերը Սփյուռքի պահպանման գործում եզակի էր.

«Նրա աջակցությունը կարեւոր դեր էր խաղում հայ համայնքների պահպանման համար թե՛ Միացյալ Նահանգներում եւ թե՛ Մերձավոր Արեւելքում ու ողջ աշխարհում»:

Քրքորյանի բոլոր բարեգործական ծրագրերի կենտրոնում սակայն իր պատմական հայրենիքն էր՝ Հայաստանը: Հենց Հայաստանում Սպիտակի երկրաշարժից տուժածներին օգնության տրամադրման նպատակով 1989-ն ստեղծվեց Լինսի Հիմնադրամը, որի անվանումը Քըրք Քըրքորյանի Լինդա եւ Թրեյսի դուստրերի անունների համադրությունն է:

«Հատկապես անգնահատելի էր Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո Հայաստանին ուղղված իր օգնությունը», – ընդգծում է Բրայան Արդունին:

Լինսիի շնորհիվ կառուցվեցին եւ վերանորոգվեցին տասնյակ շենքեր, նոր դպրոցներ ու հիվանդանոցներ կանգնեցվեցին: Հարյուրավոր մանուկների կյանք հնարավոր էր փրկել միայն Քրքորյանի միջոցներով տրամադրած եւ այդքան սպասված դեղորայքի եւ բժշկական օգնության շնորհիվ: Իրեն ճանաչող մարդիկ հիշում են, որ չնայած բարեգործական ծրագրերի շրջանակներում սեփական միջոցներով կառուցված տասնյակ շենքերի, Քրքորյանը երբեք թույլ չի տվել դպրոցներից կամ հիվանդանոցներից որեւէ մեկն անվանել իր անունով:

Աղքատ ընտանիքում ծնված Քրքորյանը մանկության տարիներից թերթեր էր վաճառում եւ հպարտանում էր, որ 9 տարեկանից ընտանիք եկամուտ է բերել: Երիտասարդ տարիներին լինելով բռնցքամարտիկ, Քրքորյանը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին օդաչու է դառնում: Պատերազմն ավարտվում է, իսկ Քրքորյանը որոշում օդաչուի գործը բիզնես դարձնել եւ մասնավոր օդանավով Լաս Վեգաս է տանում խաղատների սիրահարներին, իսկ 1969-ին ձեռք բերում առաջին սեփական խաղատունը:

Քըրք Քրքորյանի ունեցվածքը կազմում էր 4 միլիարդ դոլար, սակայն կարեւորագույն ժառանգությունը ոչ թե շքեղ խաղատներն են, այլ հարյուրավոր մարդկանց կյանքերը, որոնք Հայաստանի համար ծանր տարիներին ողջ են մնացել հենց Քրքորյանի կողմից տրամադրված օգնության շնորհիվ:

«Նրա աջակցությունը Հայաստանի դպրոցներին, ճանապարհաշինությանը, մշակույթի եւ կրթական ծրագրերի զարգացմանը կարեւոր ժառանգություն են, որով բոլորս կարող ենք հպարտանալ», – ասում է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի ղեկավարը:

Քըրք Քրքորյանի վերջին նախագիծը Հայոց Ցեղասպանության մասին կինոնկարի նկարահանումն էր, որում հերոսների միմյանց նկատմամբ սերը հաղթահարում է ժամանակը եւ փոխում ճակատագիրը:

Աղբյուր` «Ամերիկայի ձայն»

 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ