27 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀ եւ Լիբանանի նախագահներն ընդգծում են հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնելու անհրաժեշտությունը

Պաշտոնական այցով Լիբանանի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Լիբանանի Ազգային ժողովի նախագահ Նաբիհ Բերրիի հետ, որից հետո կայացել է Հայաստանի նախագահի հետ այդ երկրի խորհրդարանականների մասնակցությամբ ընդլայնված հանդիպում:

Միջպետական հարաբերությունների զարգացման, փոխվստահության ամրապնդման գործում երկուստեք կարևորվել է միջխորհրդարանական կապերի դերը, ակտիվ համագործակցությունը խորհրդարանների միջև, որը, կողմերի համոզմամբ, զգալիորեն կնպաստի նաև հայ-լիբանանյան տնտեսական հարաբերությունների ակտիվացմանը:

Հանդիպմանը կարևորվել է նաև միջազգային կառույցներում Հայաստանի և Լիբանանի խորհրդարանականների համագործակցությունը:

Նախագահ Սերժ Սարգսյանը և Լիբանանի ԱԺ նախագահ Նաբիհ Բերրին ընդգծել են Հայաստանի և Լիբանանի կառավարական բոլոր օղակների, խորհրդարանների համակարգված, ծրագրված աշխատանքի անհրաժեշտությունը՝ երկու երկրների հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնելու առումով:

Զրուցակիցներն անդրադարձել են մերձավորարևելյան տարածաշրջանի մի շարք երկրներում առկա լարված իրավիճակին և այդ իրավիճակի հանգուցալուծման հնարավորություններին:

Նախագահ Սերժ Սարգսյանը Լիբանանի ԱԺ նախագահին ներկայացրել է մեր տարածաշրջանի խնդիրներն ու մարտահրավերները, այդ թվում՝ ԼՂ հակամարտության կարգավորման վերջին զարգացումները:

Լիբանանի Հանրապետության Աժ նախագահի և խորհրդարանականների հետ հանդիպմանը Նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով:

Լիբանանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի երկրորդ օրը՝ նոյեմբերի 27-ին, Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական Եկեղեցիների նախագահ, վերապատվելի Մկրտիչ Կարագյոզյանի հետ, այցելել հայ հոգևոր, մշակութային ամենանշանավոր օջախներից մեկը՝ Զմմառ և հանդիպում ունեցել Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս, պատրիարք Ամենապատիվ Տեր Ներսես Պետրոս ԺԹ-ի հետ: Նախագահը Զմմառում մասնակցել է ”Ուրբաթագրքի” տպագրության 500-ամյակի առիթով մշակութային կենտրոնի և Մատենադարանի նորոգված հարկաբաժնի բացմանը, այցելել ձեռագրերի և հնատիպ գրքերի ցուցահանդես:

”Հայ ժողովուրդն իր բազմադարյա պատմության ընթացքում ունեցել է փառահեղ հաղթանակների, լուսավորության, մշակութային զարթոնքի, ինչպես նաև ֆիզիկական գոյության պայքարի՝ մաքառումներով լի էջեր: Անշուշտ, գոյատևման պայքարն ինքնին հերոսական է: Բայց համակվում ես հպարտության զգացումով, երբ գիտակցում ես, որ հայը ամենուր կարողացել է ստեղծել բարիք ու արժեքներ: Էջմիածնում թե Վենետիկի Սուրբ Ղազար կղզում, Երուսաղեմում, Վիեննայում, թե լիբանանյան այս գողտրիկ անկյունում, հայ ժողովուրդը մշտապես դրսևորել է արարելու իր աննկուն հատկանիշը”,-Զմմառում մշակութային կենտրոնի բացման ժամանակ ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Հանրապետության նախագահի խոսքով, Զմմառում կուտակված հայ ձեռագիր մատյանները խոսուն վկայությունն են մեր անցյալի, պատմության և մեր դարավոր մշակութային ժառանգության: ”Զմմառի միաբանությունը, Մատենադարանն ու Սփյուռքի նախարարությունը գովելի նախաձեռնությամբ են հանդես եկել՝ ուսումնասիրել ձեռագիր մատյանները, սրբել դարավոր փոշին, վեր հանել մեր ազգի մտքի արգասիքն ու լույս սփռել անցյալի մեր էջերի վրա: Մենք պետականորեն կշարունակենք օժանդակել, որպեսզի ամբողջապես մշակվի այս հսկայածավալ նյութը և ծառայի ինչպես հայ ժողովրդին, այնպես էլ համայն մարդկությանը”,-ասել է Սերժ Սարգսյանը:

Երեկոյան Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ