06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ը դրական է գնահատում

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը մայիսի 27-ին մասնակցել է «Տեղեկատվություն տնօրինողի կողմից մշակված կամ նրան առաքված տեղեկատվության գրանցման, դասակարգման և պահպանման, ինչպես նաև տեղեկատվության կամ դրա կրկնօրինակի (պատճենի) տրամադրման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման լրամշակված նախագծի հանրային քննարկմանը: Այն կազմակերպվել էր «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից՝ ԵԱՀԿ Երևանի գրասենյակի աջակցությամբ:

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի նախագահ Շուշան Դոյդոյանը բարձր է գնահատել ՀՀ արդարադատության նախարարության հետ  համագործակցությունը և նշել, որ քաղաքացիական հասարակությունն այս նախագծին սպասել է ավելի քան 12 տարի: 

«ՀՀ արդարադատության նախարարությունը 2014 թվականի սեպտեմբերին  ձեռնամուխ եղավ այս նախագծի մշակմանը և ներառեց հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված առաջարկների 90 տոկոսը, ինչը ես դրական եմ գնահատում»,- ընդգծել է ՀԿ նախագահը:

ՀՀ ԱՆ կազմակերպական – իրավական վարչության Իրավաբանական անձանց պետական գրանցման, ՔԿԱԳ և նոտարական համակարգի բաժնի պետ Շուշանիկ Ղուկասյանն աշխատանքային քննարկման ժամանակ ներկայացրել է  տեղեկատվության տնօրինողի կողմից մշակված, նրան առաքված տեղեկատվության գրանցման, դասակարգման, պահպանման կարգը, ինչպես նաև Նախարարություններում նախարարներին կից ստեղծվող հանրային խորհուրդների մասին նախագիծը:

Նրա խոսքով՝  ՀՀ կառավարության 2014թ հուլիսի 31-ի թիվ 32 որոշմամբ բաց կառավարման գործընկերության շրջանակում նախատեսվել է տարանջատել ներկայում գործող կոլեգիաները և նախարարին կից խորհուրդները, ինչպես նաև պետք է ապահովվի խորհուրդների ձևավորման բաց, թափանցիկ ընթացակարգը:

«Այս նախագիծը միտված է նրան, որ բոլոր նախարարություններին կից անպայման ստեղծվեն հանրային խորհուրդներ, ինչի նպատակն է առաջարկներ և դիտողություններ ներկայացնել նախարարությունների բարեփոխումների, կատարած աշխատանքի, ինչպես նաև նախարարությունների կողմից շրջանառվող իրավական ակտերի, հայեցակարգերի, նախագծերի վերաբերյալ»,- ասել է Նախարարության ներկայացուցիչը և ընդգծել, որ թե՛ ԶԼՄ-ները, թե՛ հասարակական կազմակերպությունները խորհրդում կներգրավվեն կախված իրենց գործունեության բնույթից:

Ամփոփելով աշխատանքային քննարկումը արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը նշել է, որ հանրային քննարկմանը ներկայացված նախագծերը արդարադատության նախարարության և հասարակական կազմակերպությունների արդյունավետ համագործակցության արդյունք են:

Կառավարության գործունեության կարևորագույն ուղղություններից է կառավարության գործունեության թափանցիկության ապահովումը, իսկ ներկայացված հանրային խորհուրդների գործունեությանն առնչվող նախագիծը նպատակ ունի ապահովել նախարարությունների կողմից որոշումների ընդունման գործընթացում հասարակական կազմակերպությունների մասնակցությունը:

Նախարարի տեղակալը անդրադարձել է հանրամատչելի տեղեկատվության հրապարակմանը, էլեկտրոնային շտեմարանների ներդրման հարցերին: Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը տեղեկատվության ապահովման ոլորտի օրենսդրության կատարելագործման հարցերով:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ