«Սուրիկ Խաչատրյանն էլ բռով կանեփ է ուտում». փաստաբան

«Անմեղության կանխավարկածը ցավոք փոխարինվել է անպատժելիության կանխավարկածով»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց Բուդաղյանների գործով փաստաբան Հայկ Ալումյանը:
Որպես Բուդաղյանների փաստաբան Ալումյանը չցանկացավ անդրադառնալ Սյունիքի մարզպետին ու նրա որդուն առնչվող վերջին դեպքերին, սակայն նկատեց. «Ամսի 12-ի դեպքը, երբ տեղի ունեցավ երկու երիտասարդների ծեծը` մեզ համար կանխատեսելի էր: Կանխատեսելի էր էն առումով, որ անպատժելիության մթնոլորտը ստեղծում է պարարտ հող նման դեպքերի համար: Վատ կանխատեսումներ ունեմ, որ մենք հաճախ ենք տեսնելու նման դեպքեր, հատկապես Սյունիքում»,-ասաց փաստաբանը: Ալումյանը տեղեկացրեց, որ 2013 թվականի հունիսի 1-ին տեղի ունեցած արյունալի միջադեպի գործը այս պահին քննվում է երեք տարբեր ատյաններում:
«Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է Արտակ Բուդաղյանի մեղադրանքով քրեական գործը: Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում է մեր բողոքների հիման վրա գործ և Եվրոպական դատարանում արդեն հայտարարություն է գրանցվել ու մեզ էլ ծանուցվել է իմ գանգատն է»:
Փաստաբանը նշեց, որ բազմաթիվ նոր խախտումներ և կեղծիքներ են հայտնաբերվել այդ քրեական գործում ու դատարանը հրավիրել է Բուդաղյանների գործով զբաղված երկու քննիչներին:
«Դատարանը հրավիրում է միայն այն քննիչներին, ովքեր թույլ են տվել որոշակի խախտումներ, սակայն մենք խառնվեցինք ու ավելի խճճվեցինք նրանց իրարամերժ ցուցմունքների պատճառով»,-ասաց փաստաբանը:
Փաստաբանը տեղեկացրեց նաև, որ Տիգրան Խաչատրյանի արյան և մազերի փորձաքննության արդյունքում պարզվել էր, որ նա թմրանյութի ազդեցության տակ է եղել: Նախաքննության ժամանակ Տիգրան Խաչատրյանը ասել է, որ իրենք տանը հաճախ կանեփի սերմեր են ուտում:
«Սուրիկ Խաչատրյանն էլ բռով կանեփ է ուտում, այդպես լինում է բայց բոված»,-հավելեց փաստաբանը: