06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

3 երեխան ու կինը մահացել են՝ չդիմանալով գաղթի ճանապարհի դժվարություններին

Խաչիկ Մկրտչյանի պատմությունը

1890 թ., Ալաշկերտ, Չանգրլու գյուղ

Մարգարիտ Ալեքսանյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր պապի պատմությունը: Երբ թուրքերը մտել են նրանց գյուղ, տանը հյուր են եղել նաև կնոջ մայրն ու 8տարեկան քույրը՝ Եվգենիան: Խաչիկ Մկրտչյանը շտապ հավաքել է բոլորին, երեխաներին նստացրել է ձիու վրա և փախել գյուղից:

«Ուզում եմ պատմել իմ պապի՝ Խաչիկ Երեմի Մկրտչյանի պատմությունը: Պապս եղել է բարեկեցիկ ընտանիքի միակ արու զավակը և սերնդի շարունակողներ ունենալու միտումով՝ ծնողները 17 տարեկանում նրան ամուսնացրել են հարևան գյուղից Լուսիկ անունով մի աղջկա հետ: 1915-ին նրանք արդեն 3 որդի են ունեցել՝ 5 տարեկան, 3 տարեկան և 9 ամսեկան: Նույն բակում ապրել է նաև պապիս հորեղբոր բազմանդամ ընտանիքը, որն ունեցել է 7 տղա, որոնք եղել են բավականին խելացի և ուսյալ (հորեղբոր տղաների անուններից պապս հաճախ հիշատակել է Լևոն, Հարություն, Վասիլ և Շավարշ անունները):

Երբ թուրքերը մտել են պապիս գյուղ, նրանց տանը հյուր են եղել նաև կնոջ մայրն ու 8 տարեկան քույրը՝ Եվգենիան: Պապս շտապ հավաքել է բոլորին, երեխաներին նստացրել է ձիու վրա և փախել են գյուղից: Գաղթի ճանապարհին դաժան պայմաններից և սովից մահանում է 9 ամսեկան որդին, որի դին, կենդանիների և գազանների բաժին չդառնալու համար, պապս քարերով ծածկել է և շարունակելով ճանապարհը՝ հասել Սիսիան քաղաք:

Այնտեղ կտրուկ վատացել է կնոջ, երեխաների, զոքանչի առողջական վիճակները և մեկը մյուսի հետևից նրանք մահացել են: Եվգենիային պապս ամուսնացրել է: Նրա միակ սփոփանքը 15 տարի շարունակ մնում է միայն հարազատների գերեզմաններին այցելելը: Ապա ծանոթանում և ամուսնանում է տատիկիս՝ Հայկանուշ Մկրտչյանի հետ:

Պապս և տատս ունենում են 1 զավակ՝ Արբիկը, և 4 դուստր՝ Խոնարհը (մայրս), Քնարիկը, Շուշիկը և Արշալույսը: Մինչև իր կյանքի վերջը՝ 1962 թ-ի սեպտեմբերի 20-ը, նա երազել է գոնե մեկ անգամ ևս տեսնել իր գյուղը, լուր ստանալ իր քույրերի՝ Շուշանի և Շաքարի (ովքեր ամուսնացած են եղել հարևան գյուղերում), հորեղբոր ընտանիքների մասին»:

Աղբյուր` ArmenianGenocide100.org

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ