Ինչ հիմքերով էին ձերբակալել Գոհար Ենոքյանին. ասում է Դատախազը
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն այսօր Ազգային ժողովում Գլխավոր դատախազի հաշվետվության քննարկման ժամանակ անդրադարձավ ԲՀԿ նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանի հետ կապված քրեական գործին: Նա նշեց, որ 73 տարեկան տիկնոջ համար խափանման միջոցն ընտրել են կալանքը: Պատգամավորը հետաքրքրվեց, թե ինչ հիմքերով են նրան ձերբակալել ու նման խափանման միջոց ընտրել:
Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ասաց, որ ընդհանուր առմամբ անձի տարիքը, կենսագրությունը, կյանքում ձեռքբերումները, պատվավոր վարքագիծը, որը թվել էր պատգամավորը, իրար հետ վերցրած կարող են միայն մեղմացնել պատասխանատվությունն ու պատիժը: Նա նկատեց, որ նման հատկանիշները չեն կարող ստիպել, որ մարդը խուսափի պատասխանատվությունից: Գործի հանգամանքների ու խափանման միջոցի ընտրության վերաբերյալ նա ասաց, որ տրվել է հաղորդում սպանություն նախապատրաստելու հանցագործության վերաբերյալ, ու այդ ժամանակ գնահատվում է, թե ինչ հետագա ընթացք պետք է ունենա գործը:
Կոստանյանը նշեց, որ երբ խոսքը սպանության նախապատրաստման հանցագործության մասին է, ապա չի եղել ՀՀ-ում նման դեպք, երբ անձը չի ձերբակալվել: Նա ասաց, որ Գոհար Ենոքյանը ձերբակալվել է, որպես կասկածյալ ներգրավվել, ապա 72 ժամ հետո կալանքը որպես խափանման միջոց փոխվել է: Գործի հանգամանքները, ցուցմունքները նախարարը չի հրապարակի, քանի որ նախաքննության գաղտնիք կա: