Հայերին լցրեցին խառնարանի պես ինչ-որ փոսի մեջ ու սկսեցին անդադար կրակել

Գոհար Գրիգորյանի պատմությունը
1911 թ., Տրապիզոն
Բաղշի Զաքարյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր տատի պատմությունը: Նա պատմել է, որ մի երեկո թուրքերը ներխուժել են իրենց տուն, ծեծլ-քշելով տարել են հորը, հետո էլ իրեն ու մորն են քշել բլուրն ի վեր: Այնուհետև լցրել են խառնարանն ու հենց վերևից կրակել հայերի վրա:
«Ես ուզում եմ գրել իմ տատիկի մասին, որն ամուսնությունից հետո կրում էր Գոհար Ներսեսի (Գրիգորյան) Զաքարյան անուն ազգանունը: Ցավոք, նա մահացավ դեռ 1986 թվականին. մահվան պատճառը՝ ոսկրային չարորակ ուռուցքի կոտրվածք հենց այն ոտքի վրա, որի վրա դեռ մանուկ հասակում ստացել էր հրազենային վնասվածք թուրքի գնդակից:
Ես տակավին պատանի շատ ու շատ անգամ ձեռք եմ տվել այդ ոտքի վրա թուրքի սպիացված ստորագրությանը: Ճիշտ է՝ տվյալներս կցկտուր են և շատ քիչ, սակայն ինչ կարող է պատմել փոքրիկ երեխան, երբ մոր հետ քշում են գիշերով անհայտ ուղղությամբ:
«Տրապիզոն, երեկո էր: Տանը նստած զրուցում էինք, հանկարծ մեծ աղմուկով ներխուժում են թուրքերը, քաշքշում, ծեծում: Հորս խփելով տարան. թե ուր, ինչու՝ չտեսա, միայն հիշում եմ, որ ասում էին՝ դեպի ինչ-որ հետին սար: Հետո հերթը հասավ ինձ ու մորս: Ես փոքր էի, շատ փոքր, ոչինչ չթողեցին վերցնեք: Տանում էին գոռալով, խփելով: Մութ էր, լսվում էր միայն ճիչ ու հայհոյանք: Քշում էին. սար կամ բլուր էր: Ով չէր կարողանում քայլել, խփում էին կամ սպանում, որ շուն ու գելի բաժին դառնան:
Վերջապես գագաթում ենք: Բոլորիս խփելով քցեցին խառնարանի պես ինչ-որ փոսի մեջ: Կրակում էին հենց վերևից:
Ես զգացի ուժեղ ցավ ոտքիս, գիտակցությունս կորցրի, ու մորս մարմինն ինձ իրա հետ տարավ անդունդ՝ ծածկելով ինձ ու երևի թե վերջին անգամ փրկելով: Մութ էր: Միայն մի սփոփանք ունեի, որ մայրս ինձ հետ է, բայց նա արդեն չէր շնչում: Հետո վերևից դիակներ, մարմիներ, շատ արյուն, արյուն և միայն մարմին ու լռություն: Անգամ ցավի հառաչանք չկար: Երվի թե ցավից չէին գոռում, որ ողջ մնան, որ դիակի տեղ դնեն, սակայն անգամ դիակներին էին խփում»:
Պատմում էր տատիկս, թե ինչքան է մնացել այդ վիճակում փոքրիկ երեխան և ինչպես ողջ մնաց՝ Աստված գիտի, բայց մինչև լուսաբաց հանկարծ ուշաթափությունից հետ գալով լսում է քրդերի խոսակցություն: Հետո զգում է, որ իրան քաշում են դիակների տակից, տանում են դնում ինչ-որ մեշոկի մեջ: Ու պահում են նկուղում, կերակրում, տեր կանգնում այնքան ժամանակ, մինչև Անդրանիկի զորախումբը մտնում է այդ գյուղ ու նրան տալիս են զորքին ու ասում՝ հայի երեխա է, տարեք, փրկեք:
Եվ այդպես նա հասնում Գյումրու ամերիկյան մանկատուն, մեծանում այդ մանկատանը: Հետո տեղափոխվում Աշտարակի դպրոց-տեխնիկում, ամուսնանում պապիկիս հետ ու երկար տարներ երջանիկ կյանք վարում: Սիրում եին իրար: Սիրում էր նկարել և մասնագիտությամբ էլ հեռու չեր նկաչությունից:
Աղբյուր` ArmenianGenocide100.org