Երկրորդ անգամ «բամփեցին»

«Որովհետև համապատասխան հնարավորություններ ու համապատասխան ուժ չունեն, որ պայքարեն: Ընդդիմություն լինելու համար Հայաստանում առաջին հերթին ֆինանսներ պետք է ունենան և բավական ջանքեր պետք է գործադրվի հասարակություն հավաքելու համար»,-Henaran.am-ի հետ զրույցում նկատեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու սահմանադրական բարեփոխումների դեմ արտահայտվող քաղաքական ուժերը հրապարակներում պայքար չեն տանում: Նա նշեց, որ ընդդիմություն լինել չի նշանակում միայն ունենալ խարիզմատիկ լիդեր:
«Հայաստանի պարագայում նաև մեծ ֆինանսական ռեսուրսներ են պետք, որպեսզի ժողովրդին դուրս հանեն հրապարակ, ու միևնույն ժամանակ ժողովուրդը հավատա: Այն, ինչ տեղի ունեցավ ԲՀԿ-ի հետ այս տարվա փետրվարի 12-ից հետո, հասարակության մեջ սերմանել է թերահավատություն ընդդիմադիր ուժերի նկատմամբ»,-ասաց Համբարյանն ու հավելեց, որ սա ընդդիմադիր դիրքորոշում ունեցող հասարակության համար երկրորդ հարվածն էր, առաջինը 2008 թվականին էր, երբ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը որոշեց կոալիցիա կազմել ՀՀԿ-ի հետ:
Ըստ նրա՝ հասարակությունը հիասթափվեց և չէր պատկերացնում, որ Գագիկ Ծառուկյանն այդքան հեշտորեն դուրս կմղվի քաղաքականությունից: Հարցին, թե կարող ենք արձանագրել, որ սահմանադրական բարեփոխումների հարցում իշխանությունը կարողացավ կոնսոլիդացիա ապահովել, Գագիկ Համբարյանը պատասխանեց.
«Չեմ կարող ասել, որ լիովին ասել է, որովհետև հիմա քաղաքական ուժերը շատ մեծ ազդեցություն կարող է և չունենան ժողովրդի վրա, և դրա վառ օրինակը տրանսպորտի թանկացման գործընթացն է, երբ քաղաքական ուժերն ընդհանրապես դուրս էին մղվել այդ դաշտից, և հասարակական կազմակերպություններն ու անհատներն էին իրենց վրա վերցրել:
Նույնը կարող եմ ասել սահմանադրական բարեփոխումների հարցում, որ նույն հասարակական կազմակերպություններն ու անհատները, ովքեր դեմ են դրանց և շատ լուրջ օրինակներ են բերում, թե դա ինչ վնաս կհասցնի, կարող են շատ մեր դեր կատարել հասարակության հատվածում և բավական խնդիրներ ստեղծել իշխանությունների համար, որոնք կողմ են սահմանադրական բարեփոխումներին»:
Քաղաքական ուժերի պարագայում քաղաքագետը շատ թերահավատ է, որովհետև ըստ նրա՝ դրանք հիմա «հանգստի են գնացել, իրենց կարծիքն ակտիվ մեկը մյուսին են հայտնում, ոչ հրապարակայնորեն »: