Դիվերսիաների կանխման համար ինչ է անելու ՊՆ-ն
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանն այսօր Ազգային ժողովում ՀՀ զինված ուժերում նորարարական տեխնոլոգիաների զարգացման հեռանկարները թեմայով լսումների ժամանակ հետաքրքրվեց,թե առաջնագծում դիվերսիաները կանխելու նպատակով ինչ նորարարական տեխնոլոգիաների կիրառման է պատրաստվում Պաշտպանության նախարարությունը:
Պաշտպանության փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանը պատասխանեց. <<Հավատացեք՝ դա մեր առաջնային խնդիրներից մեկն է, միջոցառումներ մենք ձեռնարկում ենք և ռազմարդյունաբերության համալիրի հնարավորությունների շրջանակում, խնդիրը գնում է հայտնաբերման հետ կապված, որ ժամանակին չեզոքացնենք տվյալ դիվերսիան: Ավելի մանրամասն կխոսանք փակ նիստի ժամանակ>>:
Պատգամավորը նաև հետաքրքրվեց, թե արդյոք արևային էներգիայի օգտագործումը ևս դիտվում է նորարական տեխնոլոգիա: Փոխնախարարը նշեց, որ դա իրենց համար լրջագույն ու կարևորագույն խնդիր է, վաղուց այդ հարցին անդրադարձել են, սակայն արդյունք չունեն: Նա նշեց, որ որոշ դիրքերում հնարավոր չէ համապատասխան էլեկտրականություն հասցնել, անգամ հասարակ ռադիոկայանների մարտկոցների լիցքավորումը լուրջ խնդիրներ է առաջացնում, և արևային էներգիայի օգտագործումը կլուծեր այս խնդիրը: Նա ասաց, որ եթե նման հնարավորություն լինի, ապա կքննարկեն:
Միրզաբեկյանը հավալեց, որ ժամանակին ինչ-որ կազմակերպության հետ սրա վերաբերյալ պայմանագիր են կնքել, սակայն հետո խզել են այն, քանի որ պարզել են, որ կազմակերպությունը չի կարող դա ապահովել: