«ԲՀԿ-ից էլ նախկին անունն է մնացել»

Ներկայացնում ենք parliamentmonitoring.am-ի հարցազրույցից հատված ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի հետ:
– Պարոն Ջհանգիրյան, չե՞ք նկատում, որ իշխանության առաջարկած սահմանադրական փոփոխությունների շուրջ քաղաքական ուժերի համախմբումը ստվարանում է: «Օրինաց երկիր» կուսակցությունը ներկայացրեց իր առաջարկությունները, մինչդեռ ոչ վաղ անցյալում մերժում էր սահմանադրական բարեփոխումների գործընթացը: ՀՅԴ-ն ավելի վաղ էր ներկայացրել իր առաջարկությունները:
– Ես չեմ տեսնում այդ համախմբումը, ավելի շատ անորոշություն եմ տեսնում: ՀՅԴ-ն ի սկզբանե կողմ էր այդ փոփոխություններին, և այդ կուսակցության դիրքորոշման մեջ որևէ փոփոխություն չեմ տեսնում: Հակառակը, ՀՅԴ գործիչների արտահայտություններում տեսնում եմ մտավախություն, որ այնքան էլ վստահ չեն, թե այդ փոփոխությունները կարող են ընթանալ պառլամենտական համակարգի ներդրման ուղղությամբ:
– «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն էլ այդ փոփոխությունների դեմ նախկին էնտուզիազմով չի պայքարում:
– ԲՀԿ-ն նախկին ԲՀԿ-ն չէ, որ ես հիմա այդ կուսակցության դիրքորոշումը համեմատեմ իր նախկին դիրքորոշման հետ: Ձեր կարծիքով ՝ նո՞ւյնն է:
– Պարզապես ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էր հայտարարել , թե այն հանգամանքը, որ մարտի 12-ին 7 կուսակցություններ Բաղրամյան 26-ում հանդիպել են Սերժ Սարգսյանի հետ, արդեն համախմբում է:
– Ես չեմ կարող այդպիսի բան ասել: ՕԵԿ-ը թեև ինչ-որ առաջարկություններ է ներկայացրել, բայց կրկին կիսանախագահական կառավարման մոդելի կողմնակից է: ԲՀԿ-ից էլ նախկին անունն է մնացել: