«Հաղթանակի վալս» միջազգային երիտասարդական ակցիան` նաև Լեռնային Ղարաբաղում /ֆոտո/
Մայիսի 9-ին Ստեփանակերտի Ստ. Շահումյանի անվան պուրակում տեղի է ունեցել «Հաղթանակի վալս» միջազգային երիտասարդական ակցիան։
Նվիրված լինելով Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի հաղթանակին, այն անց է կացվել «Հաղթանակի վալս» միջազգային երիտասարդական ակցիայի շրջանակներում, որի նախաձեռնողն է ՀԱՊԿ Համալսարանական լիգան։
Այսպիսով, Լեռնային Ղարաբաղը նույնպես միացել է մի միջոցառման, որը համաժամանակ իրականացվել է նաև Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Տաջիկստանում, Ղրղզստանում, Մերձդնեստրում։
Միջոցառումն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվել է կազմակերպիչների www.valspobedy.com վեբ-կայքով։ Այնուհետև կազմակերպվել է ֆլեշ-մոբ։ Երաժշտությունից հետո, ակցիայի մասնակիցները կանգնել են ռուսական «СПАСИБО» բառի կառուցվածքով՝ այսպիսով իսկ հեռակա կարգով խորը երախտագիտություն հայտնելով Հայրենական մեծ պատերազմի բոլոր վետերաններին։
Արցախում ակցիայի անցկացումը համակարգել է «Հայկի Սերունդ» հասարակական կազմակերպությունը։ Աջակիցների թվում էին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը, Արցախի պարի պետական համույթը, Ստեփանակերտի փողային նվագախումբը, «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ն, տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ մի խումբ կամավորականներ։