Ցեղասպանության ընդունումը կարող է բերել Երեւանյան հիվանդության նոպաների թուլացման. հոգեթերապեւտ /վիդեո/
Ցեղասպանության թեման դեռ լիարժեք ուսումնասիրված չէ: 100 տարի առաջ ցեղասպանության վերապրածներին ավելի բարոյական եւ նյութական աջակցություն էին ցույց տալիս, իսկ նրանց առողջությունը շատ չուսումնասիրվեց:
Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց հոգեթերապեւտ, նարեկաբույժ Արմեն Ներսիսյանը:
Նա նշեց, որ Ցեղասպանություն վերապրածների ու նրանց սերունդների մեջ մեծ սթրես կա, ինչն արտահայտվել է վախով, տագնապով, եսակենտրոնությամբ, ագրեսիայով եւ այլն: այդ ամենն ի վերջո ձեւավորել է «Երեւանյան հիվանդություն»:
«Ես սկսեցի զբաղվել կոնկրետ այս հիվանդության ուսումնասիրությամբ, եւ պարզվեց, որ այս էթնիկ հիվանդությամբ հիմնականում տառապում են Ցեղասպանության զոհերի ու վերապրածների սերունդները: Պետք է հիշել, որ հոգեկան տրավմաները նաեւ մարմնական հետեւանքներ են թողնում: Մարմնի ցավը հոգու ցավն է: Այս հիվանդությունը սկսվում է հենց հոգեկան խնդիրներից` նախ տագնապ է սկսվում, վախ, մեկուսացում, ապա ցավեր, ջերմություն եւ անցնում է: Իրականում սա խորը սթրեսային հիվանդություն է, որում ցեղասպանությունը վերապրածների սթրեսը դարձավ գենետիկ, անբուժելի հիվանդություն»,- ասաց նա:
Հոգեթերապեւտը նշեց, որ ինչքան էլ Թուրքիան փորձի ժխտել Ցեղասպանության իրողությունը, այն մեր գենետիկ հիշողության մեջ նստած է:
«Եւ քանի որ հոգեկանը չի կարող տանել այդ ամենը, վերածվում է ցավի, մարմնական հիվանդության: Մենք դեռեւս Ցեղասպանությունը չենք սգացել, մեր մեջ այն ցասումի ձեւով մնում է: Ցեղասպանության ընդունումը կարող է բերել Երեւանյան հիվանդության նոպաների թուլացման, քանի որ փորձը ցույց է տալիս, որ այդ նոպաները սրվում են հատկապես ապրիլ ամսին: 100 տարի անց էլ այդ վերքերը չեն բուժվել»,- ասաց նա:
Բանախոսը նշեց, որ գիտնականներն ապացուցել են, որ Ցեղասպանությունից հետո գեները մուտացիայի են ենթարկվում:
«Սթրեսը հանել է պետք, ինչին շատ օգնում է Նարեկը»,- ասաց նա: