13 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Գլխով՝ քթին, դանակով՝ կրծքին. Նորայրը փորձել է սպանել Թեհմինեին. Ժամանակ

Ժամանակն անդրադարձել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նորայր Էլյազյանի գործի դատական քննությանը:

«27-ամյա Նորայրը մեղադրվել է սպանության փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով:

Նախաքննական մարմինը Նորայրին այդ մեղադրանքն առաջադրել էր այն բանի համար, որ նա, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, անձնական հարցերով վիճաբանության ժամանակ կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ ծալովի դանակով հարվածներ է հասցրել իր նախկին կնոջ կենսական կարևոր օրգանների շրջաններին, բայց իր կամքից անկախ հանգամանքների պատճառով հանցանքն ավարտին չի հասցրել:

Ըստ դատական ակտի՝ 2014 թվականի օգոստոսի 31-ին, ժամը 22-ի սահմաններում Գորիսի բնակիչ Նորայրը գնացել է Վերիշեն գյուղում բնակվող նախկին կնոջ տուն՝ պարզելու, թե նա ինչու չի թողնում որդու հետ հեռախոսով խոսել:

Տան մոտ նախկին ամուսինների խոսակցությունը վերածվել է վիճաբանության: Նորայրը, լինելով ալկոհոլ օգտագործած վիճակում, գլխով հարվածել է նախկին կնոջ դեմքին: Ապա բռնել է մազերից, կնոջը գցել է գետնին ու ծալովի դանակով հարվածներ է հասցրել նրա պարանոցի, կրծքավանդակի աջ և ձախ կեսերի առաջնային մակերեսներին ու նրա առողջությանը պատճառել է ծանր վնաս՝ ձախ պլևրալ խոռոչ թափանցող վնասվածք՝ ձախակողմյան պնևմոթորաքսով, վնասել է նաև տուժողի աջ ձեռքի մատները, ձախ նախաբազուկը:

Տուժողի օգնության կանչերը լսելով՝ մոտեցել է Մասիս Պ.-ն: Նա Նորայրի գործողությունները դադարեցնելու նպատակով ոտքով հարվածել է նրան, Նորայրն ընկել է գետնին ու այդպիսով՝ իր կամքից անկախ հանգամանքների բերումով, չի կարողացել ավարտին հասցնել հանցավոր արարքը:

Մեղադրանքի կողմը ամբաստանյալի մեղքը հաստատված է գնահատել նրա նախաքննական ցուցմունքներով, համաձայն որոնց՝ Նորայրն իրեն մեղավոր է ճանաչել: Նա հայտնել է, որ 2008 թվականին ամուսնացել է Թեհմինեի հետ, համատեղ ամուսնական կյանքի ընթացքում՝ 2009 թվականին ծնվել է իրենց որդին:

2013 թվականի հունիսին իրենք ամուսնալուծվել են: Թեհմինեն իրենց որդու հետ բնակություն է հաստատել մոր տանը՝ Վերիշեն գյուղում:

2014 թվականի օգոստոսի 31-ին ինքը քեռու որդու հետ է եղել, օղի է խմել՝ նրա ծննդյան օրվա հետ կապված:

Ժամը 21-ի սահմաններում զանգահարել է նախկին կնոջը, ասել է, թե ուզում է իրենց որդու հետ հեռախոսով խոսել, խնդրել է հեռախոսը փոխանցել տղային:

Կինն ասել է, թե երեխան իր քրոջ հետ խանութ է գնացել: Ինքն ասել է՝ որ գա, թող զանգի:

Մոտ 30 րոպե անց կրկին զանգել է կնոջը, պահանջել է, որ հեռախոսը փոխանցի որդուն: Կինն ասել է, թե երեխան չի ուզում խոսել:

Ինքը հեռախոսով վիճել է կնոջ հետ, գնացել է Գորիսի ավտոկայան, տաքսիով գնացել է Վերիշեն գյուղ:

Տան մուտքի դուռը բացել, ներս է մտել առաջին հարկ, հանդիպել է նախկին զոքանչին: Հարցրել է, թե կինն ինչո՞ւ հեռախոսը որդուն չի փոխանցել: Կնոջ մայրն ասել է, թե ինքը տեղեկություն չունի, գնացել է երկրորդ հարկ ու կանչել է Թեհմինեին:

Թեհմինեն իջել է աստիճաններով, ինքը նույն հարցը նրան է տվել: Թեհմինեն արհամարհական տոնով ասել է, թե լավ է արել: Ինքը զայրացել է, մոտեցել ու գլխով հարվածել է Թեհմինեի ճակատին:

Թեհմինեի մայրը բռնել է իրեն, Թեհմինեն փախել է:

Ինքը այդ վայրից վերցրել է մետաղե դանակի պես մի առարկա և սպանելու նպատակով փնտրել է Թեհմինեին:

Տանից դուրս է եկել, տնամերձ այգուց լսել է Թեհմինեի լացի ձայնը: Մոտեցել է նրան, բռնել է մազերից, նրան գցել է գետնին ու ձեռքի գործիքով մի քանի անգամ հարվածել է նրա մարմնի տարբեր մասերին:

Այդ ժամանակ մոտեցել է Թեհմինեի քրոջ ամուսին Մասիսը, ոտքով խփել է իր ուսին, ինքը դադարեցրել է հարվածները, կորցրել է հավասարակշռությունն ու հետ-հետ գնալով՝ ընկել է:

Երբ Մասիսը մոտեցել է, ինքը ձեռքի առարկայով մի անգամ հարվածել է Մասիսի մեջքին:

Այդ ընթացքում մոտեցել է նաև Թեհմինեի մայրը, ինքը զայրույթից մի հարված էլ հասցրել է նրա որովայնին:

Մասիսն ու նախկին զոքանչն ասել են՝ հանգստացի ու հեռացի: Ինքը ձեռքի սուր գործիքը նետել է հողատարածքում, դուրս է եկել ճանապարհ, նստել է իրեն բերած տաքսին ու հեռացել է:

Տուժողը հայտնել է, որ իրենց տուն գալով՝ Նորայրը զայրացած ասել է. «Դու ես էնպես անում, որ որդիս չի ուզում ինձ հետ խոսել»:

Ինքն ասել է, թե մեղավոր չի, երեխան չի ուզեցել խոսել: Այդ ժամանակ Նորայրն անսպասելի մոտեցել է ու գլխով խփել է իր քթին»:

Օրվա այլ հոդվածներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ