13 Նոյեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

Գրիգորյանը, ըստ էության, բարձրաձայնում է այն վտանգները, որոնց մասին մենք տարիներ շարունակ զգուշացրել ենք. Խաչատրյան

ՀՀԿ խորհրդի անդամ Շիրազ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Տարիներ շարունակ Փաշինյանի թիմակից և պետական բարձրագույն պաշտոններից մեկը զբաղեցնող ԱԽՔ Արմեն Գրիգորյանը ծավալուն հոդված է հրապարակել՝ փաստացի ահազանգելով այն վտանգավոր հանգրվանի մասին, որին Հայաստանը կարող է հասնել գործող իշխանությունների որդեգրած քաղաքականության հետևանքով։ Նրա վերլուծության առանցքային միտքն այն է, որ ԵՄ անդամակցելու ճանապարհը վտանգավոր պատրանք է, եթե այն կառուցվում է տարածաշրջանային իրողություններն ու առանցքային դերակատարների շահերն անտեսելու հաշվին։

Մի կողմ թողնենք այն հարցը, թե ինչու է իշխանության առանցքային ներկայացուցիչը հենց հիմա նման հրապարակային գնահատականներ հնչեցնում, և որքանով են դրանք պայմանավորված ներիշխանական հակասություններով կամ վերադասավորումներով:

Առավել կարևոր է մեկ այլ հանգամանք՝ Գրիգորյանը, ըստ էության, բարձրաձայնում է այն վտանգները, որոնց մասին մենք տարիներ շարունակ զգուշացրել ենք՝ քննադատելով իշխանությունների անհեռատես, իրավիճակային և ռազմավարական խորությունից զուրկ արտաքին քաղաքականությունը։

Չի կարելի տարածաշրջանային դերակատարներին անտեսելով, աշխարհաքաղաքական իրողությունները շրջանցելով և ցանկալին իրականության տեղ ներկայացնելով՝ պետության ապագան կառուցել քաղաքական պատրանքների վրա։

Եվ այստեղ առաջանում է ամենակարևոր հարցը՝ եթե իշխանության ներսում տարիներ շարունակ գիտակցել են այդ ռիսկերը, ապա ինչո՞ւ են շարունակել նույն քաղաքականությունը։ Իսկ եթե չեն գիտակցել, ապա ինչպե՞ս է հնարավոր նման ռազմավարական անպատասխանատվությամբ կառավարել պետությունը։

Պատերազմում կրած պարտությունից, Արցախի կորստից, Իրանի և Ռուսաստանի հետ հարաբերություններում առաջացած լրջագույն խնդիրներից, Հայաստանի անվտանգային միջավայրի շարունակական վատթարացումից հետո իշխանությունները դեռ շարունակում են հասարակությանը ներկայացնել քաղաքական նոր հորինվածքներ՝ առանց դրանց իրականացման ճանապարհների, հնարավոր հետևանքների և ազգային անվտանգության ռիսկերի հստակ գնահատման։

Իսկ այդ քայլերի ու շարունակական փորձարկումների գինը, ինչպես փորձն է ցույց տալիս, վճարում է ոչ թե իշխանությունը, այլ Հայաստանի Հանրապետությունն ու հայ ժողովուրդը»։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ