Իսկ այսօր առաջին հերթին խոնարհվելու օր է. Խաչատրյան

ՀՀԿ խորհրդի անդամ Շիրազ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ուղիղ վեց տարի առաջ՝ այս օրը, սկսվեց 44-օրյա պատերազմը։
Հնարավոր է՝ այն պետք է դառնար մեր ազգային համախմբման, հաղթական ոգու վերազարթոնքի և առաջիկա տասնամյակների երկրի անվտանգության ամրապնդման նոր ծանրագույն փորձություն։
Բայց այս իշխանությունների անտաղանդ ու անկարող կառավարման, կազմակերպված քաոսի ու ճակատագրական սխալների հետևանքով մենք հայտնվեցինք մի աղետալի վիճակում, որի հետևանքներից մինչ օրս չենք կարողանում ուշքի գալ։
Թե ովքեր են պատասխանատու այս ամենի համար՝ դեռ շատ խոհափիլիսոփայական մտքեր կհնչեն, «պատմական վերլուծություններ» կարվեն, կխոսեն «պատճառահետևանքային կապերի», «անխուսափելի հանգուցալուծումների» ու հազարավոր այլ արդարացումների մասին։
Բայց մի բան անհերքելի է՝ այդ օրերին պետության ղեկին գտնվող իշխանությունն իր որոշումների, գործողությունների և խայտառակ բացթողումների, դրանից մինչև օրս բխող բոլոր հետևանքների համար կրում է քաղաքական, պատմական պատասխանատվություն։ Պատմությունն ու ժողովուրդը դեռ իրենց գնահատականն են տալու բոլոր նրանց գործողություններին, որոնց օրոք մեր պետականությունը հասավ աղետալի այս հանգրվանին։
Իսկ այսօր առաջին հերթին խոնարհվելու օր է։
Հավերժ փա՛ռք ու խոնարհում Հայրենիքի համար իրենց կյանքը տված մեր հերոսներին»։











































