«Ուր ենք գնում, ուր ենք հասել…» /վիդեո/
Ապրիլի 19-ին 19:30-ին Արմենիան Նեյվի Բենդն ու խմբի հիմնադիր Արտո Թունչբոյաջյանը հանդես են գալու համերգով: Այն կայանալու է Ալ. Սպենդիայրանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Համերգին երգով է հանդես գալու նաև Գոռ Սուջյանը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն համերգի մասին խոսեց Թունչբոյաջյանը՝ շեշտելով, որ համերգը նվիրված է Հայոց ցեղասպանության հարյուրամյակին: «Ուր էինք, հիմա ուր ենք, ուր ենք հասել ու ուր ենք գնում»,-սա է համերգի խորհուրդը:
Երգիչը նշեց, որ այդ խորհուրդն ինքն իր համերգի միջոցով է հաղորդելու, սակայն գործնական քայլեր են պետք ոչ միայն Ցեղասպանության ճանաչման, այլև երկրի զարգացման ուղղությամբ: «Ցեղասպանությունից ինչ նորություն տեսնում ես, պիտի նոր երգ գրես, անշուշտ կան նոր երգեր»,-ասաց նա: Երգիչը նկատեց, որ միայն ապրիլին չէ, որ պետք է հիշել Ցեղասպանության մասին, որպեսզի ցեղասպանությունները չշարունակվեն: «Պիտի այնպես անենք, որ այս երկիրը դառնա արվեստագետների կենտրոն ու արև դառնանք, սա է երգերից մեկի իմաստը»:
Հարցին, թե հնարավոր է այլ երկրներում շրջագայություններով հանդես գա, Թունչբոյաջյանը պատասխանեց. «Վերջին վայրկյանին կարող է ամեն ինչ փոխվել, ես տրամանադրության մարդ եմ»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: