14 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Վեհաժողովը միավորեց սրտաբաններին

Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի նախաձեռնությամբ  ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի մեծ դահլիճում մեկնարկեց «Սրտանոթային հիվանդությունների պաթոգենեզի, ախտորոշման, բուժման և կանխարգելման տարբեր հարցեր» խորագրով 10-րդ  հոբելյանական երկօրյա վեհաժողովը, որի բացմանը ներկա էր ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

«Յուրաքանչյուր առողջապահական համակարգ,  իր առջև դնելով բարեկեցություն և երկարակեցություն ապահովելու նպատակ, միաժամանակ պետք  է կարողա վերլուծելով հիմնական խնդիրները,  զարկ տալ այն ուղղություններին, որոնք առավել կարևոր են»,- ողջունելով վեհաժողովի մասնակիցներին և ՀՀ ԳԱԱ նախագահին` նշեց ՀՀ առողջապահության նախարարը:

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ  Հայաստանում բնակչության մահացության 80%-ը պայմանավորված է  3 առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններով, որոնց թվում առաջին տեղում արյան շրջանառության համակարգի հիվանդություններն են,  և կազմում են 48%։  Բավական է ասել, որ արյան շրջանառության համակարգի հիվանդությունների առաջնակի դեպքերը 1990 թվականի համեմատ  աճել են 70%-ով։ 

 

«Պետք է ասեմ, որ վերջին  25 տարիներին սրտանոթային հիվանդությունների թիվն ավելացել է, և սա լուրջ մարտահրավեր է ոչ միայն մեր առողջապահական համակարգի, այլ նաև ամբողջ աշխարհի համար: Այդ քննությունը անցել են մեր փառավոր սրտաբանները: Հպարտությամբ պետք է նշեմ, որ սրտաբանությունը մեր երկրում մեծ քայլերով զարգացավ վերջին տասնամյակներում, ու այսօր կարող ենք արձանագրել այս ոլորտում ապահովածություն, ինչպես կոնսերվատիվ, այնպես էլ ինվազիվ, ինտերվենցիոն ուղղություններով»,- ասաց Արմեն Մուրադյանը` ներկայացնելով ՀՀ կառավարության կողմից սրտանոթային հիվանդությունների կանխարգելման,  վաղ հայտնաբերման և մահացության դեպքերը նվազեցնելու նպատակով իրականացվող ծրագրերը:

Նախարարը  կարևորեց սոցիալական փաթեթի շահառուների համար կանխարգելիչ բժշկական քննության և Համաշխարհային բանկի հետ առաջին անգամ երեք ուղղություններով իրականացվող լայնամասշտաբ սկրինինգային ծրագրերը:

 

«Մեր կողմից իրականացվող նոր ծրագրերում կարևոր տեղ ունի 2015 թվականին հունվարի 1-ից մեկնարկած, հանրապետության նախագահի նախընտրական ծրագրի դրույթ հանդիսացող  սրտի անհետաձգելի վիրահատության ծրագիրը, որից  արդեն օգտվել է 450 քաղաքացի:  Ծրագիրը լայն արձագանք է  ստացել բնակչության շրջանում»,-  ընդգծեց ՀՀ առողջապահության նախարարը` հավելելով, որ առանց վարժ, պատրաստված և միջազգային մտածելակերպ ունեցող սրտաբանների անհնար էր ապահովել սրտաբանության նման  զարգացում մեր երկրում:

Նախարարը վեհաժողովի մասնակիցներին մաղթեց արդյունավետ, արգասաբեր աշխատանք և  նորանոր հաջողություններ:

 «Մաղթում եմ քաջառողջություն, քանի որ ձեր սրտի զարկերի հաշվին այլոց զարկերն եք երկարացնում»,- հավելեց նա:

Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի նախագահ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Կառլեն Ադամյանն անդրադարձավ Հայաստանում սրտաբանության ոլորտում գրանցած հաջողութուններին:

 

«Քսան տարի առաջ մենք ձեռնարկեցինք ապացուցողական սրտաբանության  վերաբերյալ մատենաշար և առաջնային օղակին ներկայացրեցինք չորս հատոր,  մեր խոստումը իրականացնելով` այսօր ձեզ ենք հանձնում հինգերորդ հատորը»,- հայտնեց սրտաբանը:

  Հետադարձ հայացք նետելով  կատարված աշխատանքին` նա նշեց,  որ 1980-ականներից հայ սրտաբաններն առաջին անգամ սկսեցին մասնակցել միջազգային համագումարների, հանդես գալ  արժեքավոր զեկույցներով:

Կազմակերպիչների գնահատմամբ` նման միջոցառումներն ուղղված են  առողջապահական խնդիրներին  համակարգված և  համագործակցային մոտեցմանը,  բժիշկների և հասարակության իրազեկման մակարդակի բարձրացմանը, մի շարք ստվերային խնդիրների լուսաբանմանը, բժշկական ծառայության որակի բարձրացմանը:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ