Կնեսետում ավարտվել է Հայոց ցեղասպանության հարցով քննարկումը
Իսրայելի Կնեսետում ավարտվել է Հայոց ցեղասպանության հարցի քննարկումը, հաղորդում է “Times of Israel”-ը:
Քննարկումը տեղի է ունեցել իսրայելա-թուրքական` օր օրի ավելի վատթարացող հարաբերությունների ֆոնի վրա: Այն գրեթե համընկնում է նույն ժամանակահատվածի հետ, երբ 2 տարի առաջ իսրայելական զինուժը հարձակվեց թուրք ակտիվիստների “Մարի Մարմարա ” նավատորմի վրա, որն ուղեւորվում էր Գազայի տարածք: Իսրայելցիների հարձակման արդյունքում 9 թուրք քաղաքացի սպանվեց, որից հետո Թուրքիան դատական հայց էր ներկայացրել իսրայեցի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների դեմ:
Չնայած դրան, Իսրայելը միեւնույն է փորձում էր չկորցնել Թուրքիային` որպես դաշնակից, ինչի պատճառով էլ Հայոց ցեղասպանության հարցի քննարկումը Կնեսետում մի քանի անգամ հետաձգվել է:
Կնեսետի խոոսնակ, “Լիկուդ” կուսակցության անդամ Ռեուվեն Ռիվլին հայտարարել է, որ ցեղասպանության քննարկումը չի առնչվում Թուրքիայի հետ իրենց հարաբերություններին: Նա նշել է, որ իբրեւ հրեաներ իրենք չեն կարող արհամարհել այս հարցը եւ որպես Հոլոքոստի մերժման դեմ պայքարող երկիր չեն կարող ժխտել մեկ այլ ժողովրդի նմանատիպ ողբերգությունը:
Քննարկման նախաձեռնող, “Մերեց” կուսակցության առաջնորդ Զահավա Գալ Օնը, ում նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության հարցը Կնեսետի Կրթական հանձնաժողովում առաջին անգամ քննարկվեց 2011-ի դեկտեմբերին, հայտնել է, որ Իսրայելը երկար ժամանակ է հաշվի առել Թուրքիայի հետ հարաբերությունները, սակայն “հայ ժողովրդի կոտորածը կենտրոնական հարց է եւ այն դեռ պետք է քննարկվի Կնեսետում”: