5 ամսական երեխային թողել է դիակների կողքին ու հեռացել

Մարգարիտ Մնացականյանի պատմությունը
1878 թ.
Լաուրա Խաչատուրյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել մի պատմություն, որը լսել է իր տատիկից: Նա ուներ 7 երեխա` Արշակը, Տիգրանը, Լիպարիտը, Զինաիդան, Աղունիկը,Անուշիկը և հինգ ամսական փոքրիկ տղան: Գաղթի ժամանակ, երբ Մարգարիտտատը տեսել է, թե ինչպես են հայերին ձորը գցել և սպանել, դաժան որոշում է կայացրել` իր մանկիկին թողնել սպանված մարդկանց կողքին, դիակների շարքում:
«Այս պատմությունն ինձ պատմել է իմ տատիկը: 1915թ. բոլոր տղամարդկանց արդեն ձերբակալել էին և սկսել կանանց ու երեխաներին իրենց տներից հանել: Այդ լուրն իմանալով շատ հայ ընտանիքներ գաղթում են: Թուրքերը գաղթի ճանապարհին մի մասին սպանում են, իսկ մնացածը` ով սովից է հյուծվում, մահանում, ով հրաշքով փրկվում: Նրանց թվում էր նաև տատիկիս տատիկը` Մարգարիտ տատը: Նա ուներ 7 երեխա` Արշակը, Տիգրանը, Լիպարիտը, Զինաիդան, Աղունիկը,Անուշիկը և հինգ ամսեկան փոքրիկ տղան: Գաղթի ժամանակ, երբ Մարգարիտ տատը տեսել է, թե ինչպես են հայերին ձորը գցել և սպանել, դաժան որոշում է կայացրել` իր մանկիկին թողնել սպանված մարդկանց կողքին, դիակների շարքում: Մարգարիտ տատը գտնում էր, որ ճիշտ որոշում է կայացրել, որովհոտև փոքրիկը կրծքի երեխա էր, գիշերը ճանապարհին նա կսկսեր լաց լինել, իսկ թուրքերը կլսեին և կսպանեին` թե մնացած վեց երեխային, թե մյուս ընտանիքներին:
Հետագայում Զինաիդային տանում են Գյումրու որբանոց, այնտեղից էլ` Ամերիակա:
Մարգարիտ տատը միայնակ խնամում է իր 5 երեխային: Մարգարիտ տատի կյանքը հեշտ չի եղել: Նա շատ տանջանքներ է կրել: Համաշխարհային երկրորդ պատերազմի ժամանակ Արշակին և Տիգրանին տանում են պատերազմ, ում այլևս երբեք չի տեսնում: Մարգարիտ տատը 90 տարեկան էր, երբ մահացավ: Կյանքի վերջին տարիներին նա կուրացել էր և տեսիլքներ էր տեսնում: Նա ասում էր, որ Աստված պատժում է իրեն այն փոքրիկին միայնակ թողնելու պատճառով»:
Աղբյուր` ArmenianGenocide100.org