«Շուշիի հռչակագիրը» իր ընդլայնվող ձևաչափով հանդես է գալիս որպես Եվրասիայի աշխարհաքաղաքական վերաձևման գործիք․ Դանիելյան

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«2021 թվականին Թուրքիայից և Ադրբեջանից նախաձեռնված «Շուշիի հռչակագրի» հնարավոր ընդլայնման գործընթացը դուրս է գալիս երկկողմ համագործակցության շրջանակներից և ստանում է տարածաշրջանային կոորդինացված դաշինքի բնույթ՝ կառուցված պանթուրքական գաղափարախոսության վրա։ Ուզբեկստանի հնարավոր միանալու շուրջ հայտարարությունները, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի այլ թյուրքախոս պետությունների աճող հետաքրքրությունը, վկայում են «Մեծ Թուրանի» հայեցակարգի ինստիտուցիոնալացման գործընթացի մասին։
Այս հարթակի ընդլայնման տրամաբանությունը ներառում է Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ղրղզստանը և Ղազախստանը՝ պետություններ, որոնք պատմականորեն, էթնոմշակութային և լեզվական տեսանկյունից մտնում են թյուրքական աշխարհի շրջանակներում։ Ավելի խորքային մակարդակում հնարավոր է նաև Սինցզյանում գործող թյուրքական համայնքների և կազմակերպությունների հետ փոխգործակցության ակտիվացում, ինչը ներառում է նաև Չինաստանի շահերի տիրույթը։
Հայաստանի համար նման զարգացումները նշանակում են արտաքին ճնշման համակարգային աճ և ռազմաքաղաքական մեկուսացման խորացում։ Նման դաշինքի ձևավորումը, որի առանցքում գտնվում են Հայաստանի հանդեպ թշնամական դիրքորոշում ունեցող երկրներ, լրջորեն սպառնում է երկրի ինքնիշխանությանը, անվտանգությանը և տարածաշրջանային հավասարակշռությանը։
Իրանի համար՝ իր պատմամշակութային ներկայությամբ Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում, թուրք-ադրբեջանական տանդեմի ակտիվացումը դիտարկվում է որպես ուղղակի սպառնալիք տարածաշրջանային կայունությանը և ներքին անվտանգությանը։ Պանթուրքական ազդեցության տարածումը կարող է խթանել ազգային փոքրամասնությունների՝ հատկապես Իրանի հյուսիս-արևմտյան, ադրբեջանաբնակ նահանգներում անջատողական տրամադրությունները։ Միաժամանակ, թուրք-ադրբեջանական ռազմավարական առանցքը դիտարկվում է որպես մեխանիզմ՝ Իրանի հակազդեցությունը սահմանափակելու և տարածաշրջանային գործընթացներում նրա դերը նսեմացնելու համար։
Ռուսաստանի համար պանթուրքական նախագծի ինստիտուցիոնալացումը լուրջ ռազմավարական մարտահրավեր է։ ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի նման ավանդական ինտեգրացիոն հարթակների արդյունավետության և վստահության ճգնաժամի պայմաններում ի հայտ է գալիս գաղափարաբանորեն և ռազմական բաղադրիչով հագեցած այլընտրանքային բլոկ, որը խարխլում է Մոսկվայի ազդեցությունը նախկին խորհրդային տարածքում։ Առավել մտահոգիչ է այն, որ «Շուշիի հռչակագրին» կարող են միանալ նաև Ռուսաստանի ֆորմալ դաշնակիցներ՝ Ղազախստանը և Ղրղզստանը, ինչը կարող է հանգեցնել հետխորհրդային տարածքի կոտորակման և ռուսական քաղաքական կենտրոնաձգության թուլացման։
Չի կարելի անտեսել նաև Չինաստանի շահերը։ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում Պեկինը Կենտրոնական Ասիայում կառուցում է երկարաժամկետ ենթակառուցվածքային և ներդրումային ռազմավարություն՝ հիմնված կայունության և կանխատեսելիության վրա։ Մյուս կողմից՝ ռազմականացված և ազգայնական օրակարգ ունեցող այլընտրանքային դաշինքի ձևավորումը սպառնում է այդ նախագծերի կայունությանը։ Ավելին՝ Թուրքիայից եկող պանթյուրքական ազդակներն ու Սինցզյանում եղած թյուրքական գործոնի հնարավոր խթանումը կարող են լարվածություն ստեղծել չին-թուրքական հարաբերություններում։
Հետևաբար, «Շուշիի հռչակագիրը» իր ընդլայնվող ձևաչափով հանդես է գալիս որպես Եվրասիայի աշխարհաքաղաքական վերաձևման գործիք, որի նպատակը ազդեցության կենտրոնների վերանայումն է և թյուրքական աշխարհի գաղափարախոսական համախմբումը՝ Թուրքիայի առաջնորդությամբ։ Սա պահանջում է անհապաղ և համադրված արձագանք այն պետությունների կողմից, որոնք շահագրգռված են տարածաշրջանում ուժերի հավասարակշռության և քաղաքակրթական բազմազանության պահպանման հարցում։ Խոսքը վերաբերում է, առաջին հերթին, Հայաստանին,Ռուսաստանին,Իրանին և Չինաստանին» ։