Հիմա հասկացա՞ք, թե ինչպիսի անցքեր ունի այս նախագիծը․ Սարոյան

ՀՀԿ խորհրդի անդամ Վահագն Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Կրկին անդրադառնանք զինծառայության մասին օրենքում առաջարկվող փոփոխություններին, որն ավելի մեծ վտանգներ ու սպառնալիքների պոտենցիալ ունի։ Հիմա ասեմ, թե ինչու։
Ուրեմն այսպես՝ իշխանական պատգամավորը փաստական թիվ է հրապարակում, թե վերջին 4 տարիների ընթացքում Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվել է արական սեռի մինչև 18 տարեկան 8721 ՀՀ քաղաքացի և մանիպուլացնում է, որ դրա համար է իր հեղինակած նախաձեռնությունը ակտուալ։ Սակայն իրականում, դա ոչ թե լուծում է, այլ խաբեություն, որն ավելի շատ պրոբլեմներ է առաջացնում, առաջին հերթին բանակի թվաքանակի կրճատումը դառնում է օրենքով։
Մյուս կողմից՝ պարզ է, որ այս տարիների ընթացքում բանակի զորակոչը 8721-ով կրճատվում է, իսկ փողով բանակից ազատումը, այլ կոնտինգենտ չի ավելացնում, ավելին՝ սա նաև լուրջ սպառնալիք է Հայաստանի ժողովրդագրության համար և խթանում է մեծագույն պրոբլեմ հանդիսացող արտագաղթը։ Այլ կերպ ասած՝ իշխանությունը խրախուսում է ոչ միայն բանակի թվակազմի կրճատումը, այլ նաև արտագաղթն ու սեփական քաղաքացիների ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելը, սա բարոյական տեսանկյունից մեծագույն ամոթ է պետության համար։
Մի հետաքրքիր նրբություն ևս՝ ուրեմն քաղաքացիությունից հրաժարվելն ըստ այդ նախագծի, արժի 15 միլիոն, իսկ բանակից ազատվելը 20 միլիոն։ Հիմա պարզ առևտրականի տրամաբանությամբ պատասխանեք, ո՞րն է ընտրելու երեխային ամեն կերպ բանակից փախցնելու որոշում կայացրած ծնողը… երևի թե կռահեցիք՝ քաղաքացիությունից հրաժարվելը։
Հիմա հասկացա՞ք, թե ինչպիսի անցքեր ունի այս նախագիծը։ Իսկ գիտե՞ք, եթե այս օրենքն ընդունվի, ապա մինչև 18 տարեկան արական սեռի քա՞նի քաղաքացի կհրաժարվի ՀՀ քաղաքացիությունից, կարծում եմ ավելի մեծ թիվ կլինի քան 8000-ը և ավելի կարճ ժամկետ քան 4 տարին»։