Հայաստանում անհրաժեշտ է ազգային ուժերի քաղաքական համախմբում․ Հենրիխ Դանիելյան
ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Վերջին զարգացումները հստակ ցույց են տալիս, որ ԱՄՆ նոր վարչակազմի քաղաքական մոտեցումներում որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել։
Այս փոփոխություններն առավել ակնհայտ են այն հանգամանքում, որ ո՛չ Վլադիմիր Զելենսկին, ո՛չ Նիկոլ Փաշինյանը չեն հրավիրվել ԱՄՆ նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը։
Զելենսկու դեպքում հայտնի է, որ նա երեք անգամ փորձել է ներկա գտնվել Դոնալդ Թրամփի երդմնակալությանը, սակայն երեք անգամ էլ մերժվել է։ Այս տեղեկությունը հրապարակվել է ԱՄՆ նորընտիր նախագահի որդու կողմից, ով նույնիսկ ծաղրել է Զելենսկուն։ Նույն կերպ, ըստ շրջանառվող տեղեկությունների, Նիկոլ Փաշինյանը նույնպես չի ընդգրկվել երդմնակալության արարողության հրավիրյալների ցանկում։ Սա կարելի է համարել քաղաքական հստակ ուղերձ, որը ցույց է տալիս, որ ԱՄՆ նոր քաղաքական վերնախավը Փաշինյանին այլևս չի դիտարկում որպես կարևոր գործընկեր։
Փաշինյանի կառավարությունը հաճախ է ներկայացրել Բլինքենի հետ ստորագրված «ռազմավարական համագործակցության» հուշագիրը որպես մեծ ձեռքբերում և ապացույց, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները հասել են աննախադեպ բարձր մակարդակի։ Սակայն իրականությունն այն է, որ այդ փաստաթուղթը մնացել է միայն թղթի վրա, և որևէ կոնկրետ արդյունք այդ համագործակցությունից չի ստացվել։
Այսօր ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ Փաշինյանի թիմի քաղաքականությունը, հատկապես արտաքին դաշտում, հիմնված է կեղծ լավատեսության վրա։ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Զելենսկու կերպարները հաճախ են համեմատվում, և այս համեմատությունը դառնում է ավելի ընդգծված, երբ նկատում ենք, որ նրանցից երկուսն էլ հեռացել են ԱՄՆ նոր վարչակազմի քաղաքական առաջնահերթություններից։
Փաշինյանի «եվրո ինտեգրման» խոստումները, իրակամում կեղծ հռետորաբանություն և խաբկանք է որը չունի իրական բովանդակություն։
Այս իրավիճակը ուղիղ ազդակ է Հայաստանի համար՝ վերանայելու իր արտաքին քաղաքականությունը, հասկանալու իր տեղն ու դերը միջազգային հարաբերություններում և գտնելու այնպիսի առաջնորդ, որը կկարողանա վերականգնել երկրի հեղինակությունը և ամրապնդել կապերը ինչպես տարածաշրջանի գործընկերների հետ ակնպես էլ Արևմտուտքի:
Հ.Գ Հայաստանում անհրաժեշտ է ազգային ուժերի քաղաքական համախմբում և հաղթանակ։ Միայն այդ դեպքում կունենանք հայանպաստ զարգացումներ»: