Հայոց ինքնության անձնագիր և հայրենյաց հոգու վերածնության տաճար մատենադարանը
2009 թվականի մայիսի 14-ին Երևանում տեղի ունեցավ Սբ․ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի գիտական նոր մասնաշենքի հիմնարկեքի արարողությունը՝ հանդիսապետությամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի։ Մատենադարանի նոր մասնաշենքի ճարտարապետական նախագիծը կատարվել էր դեռևս 1986 թվականին և չէր կենսագործվել 1988 թվականի ավերիչ երկրաշարժի պատճառով։ Ինչպես նշում է նախագծի ճարտարապետը՝ Արթուր Մեսչյանը, ինքը հանկարծ ականջալուր եղավ այն հոգեհմա շշուկին, որ Մատենադարանի հիմնադրման 50-ամյակի առթիվ ցանկություն կա իրականացնելու տարիներով փայփայած երազանքը։ Եվ սրտի թրթիռով նախագիծը ներկայացվեց այն ժամանակ Հայաստանի Հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանին, ում անմիջական ջանքով գտնվեց նաև նոր մասնաշենքի կառուցման հովանավորը՝ «Մոնարխ» ընկերության նախագահ, ռուսաստանաբնակ հայ բարերար Սերգեյ Համբարձումյանը։