03 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Անդեմ պետություն, որտեղ հեծանիվը կարող է լինել կյանք, իսկ կյանքը՝ հեծանիվ, թամադան՝ վարչապետ, իսկ վարչապետը՝ թամադա, հայրենիքը՝ կեղծ, պետությունը՝ իրական

168.am-ը գրում է․ «Հեծանիվը կյանք է», «Արցախը հանձնել են Արցախի իշխանությունները՝ ստորագրելով ԼՂ–ի ինքնալուծարման փաստաթուղթը», «10-րդ դասարանի պատմության դասագիրք չունենք. դա անելու ենք թղթապանակի միջոցով», «Այստեղ հաց, այստեղ կաց», «Թամադաները պետք է խմեն հարկ վճարողի կենացը», «Հայրենիքը պետությունն է», «Լավ ենք արել՝ ճանաչել ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», «Լավ ենք արել՝ Արցախը հանձնել ենք Ադրբեջանին», «Արցախը հանձնվել է 1996 թվականին»․․․ սա շատ փոքր ցանկն է այն հայտարարությունների, որոնք հնչում են Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների՝ իշխող վարչախմբի կողմից։

Դրանք առաջին հայացքից տարբեր են, վերաբերում են միանգամայն տարբեր ոլորտների, հնչում են իրարից կարգավիճակով, տարիքով, սեռով, սեռական կողմնորոշմամբ տարբերվող պաշտոնյաների կողմից, բայց դրանք բոլորն ունեն մեկ ընդհանրություն՝ հավասարապես անհեթեթ են, լկտի ու ցինիկ են, վիրավորում են տարրական բանականությունը, ոտնահարում են մարդկային ու հավաքական արժանապատվությունը, ունեն թաքնված նպատակներ․․․

Նմանատիպ բոլոր հայտարարությունները, որոնք մեծ հավանականությամբ ոչ թե ինքնաբուխ են ու պատահական, այլ կատարվում են «նոր Հայաստանի» նոր սոցիալական ճարտարապետության նպատակադրմամբ, վերաբերում են իմաստներին՝ այդ հասկացության նեղ և լայն առումներով։

Պետություններն ու հասարակությունները գոյատևում, եթե հաջողում է՝ զարգանում են՝ ոչ միայն, իսկ հաճախ՝ ոչ այնքան ֆորմալ ինստիտուտների, կառուցակարգերի, այլ խորքային առումով՝ իմաստների շնորհիվ։ Դրանք կարող են կոչվել արժեքներ, գաղափարներ, սկզբունքներ, հավատամք և այլն, բայց դրանց բոլորի հիմքում իմաստն է, որովհետև չկան արժեքներ՝ առանց իմաստների, ինչպես որ անիմաստ գաղափարներ գոյություն չունեն։ Հիմա ահա իշխանությունները զբաղված են հայկական պետության ու ավելի լայն առումով՝ հայկականության ակունքներում դրված իմաստների խեղմամբ, դեգրադացմամբ։

Կարող է թվալ, թե որպես «հեղափոխականներ»՝ նրանք զբաղված են հին իմաստները ոչնչացնելով և նորերը ստեղծելով։ Իրականում, սակայն, նրանք ոչ թե նոր իմաստներ, այլ իմաստների իմիտացիաներ են կերտում, կամ, ժամանակակից լեզվով՝ ստեղծում են կեղծ, ֆեյք իմաստներ։ Եվ պատահական չէ, որ բոլոր այդ ֆեյք իմաստներին, բացի հակաազգայնությունից, հակապետականությունից, միավորում է մակերեսայնությունն ու պարզունակությունը։ Իսկ մակերեսային իմաստները, եթե անգամ իմաստային հատկություն ունեն, շոշափում են մարդկանց ոչ թե ուղեղն ու միտքը, այլ բնազդները, լավագույն դեպքում՝ զգացմունքները։

Ժամանակակից Հայաստանում իշխանության կողմից «արտադրվող» իմաստների գլխավոր հատկանիշը, իսկ գուցե նախապայմանն անիմաստությունն է։ Հանրային միտքն ու մտածողությունը, ահա, լցվում է մակերեսային իմաստներով, որոնք՝ խորքի ու շերտերի բացակայության պատճառով, զուրկ են իրական իմաստներից, բայց ստեղծում են իմաստների պատրանք, տպավորություն։

Եվ մինչև ժամանակակից երկրների համապատասխան շրջանակները զբաղված են խորքային պետության կերտմամբ, Հայաստանում հիմնահատակ ավերվում են, առանց այդ էլ երերուն, խորքային պետության բոլոր հիմնասյուները, որոնցից են հենց իմաստները՝ փոխարենը ազատված տեղը լցնելով տափակաբանությամբ, որը մեծ հաշվով դարձել է կամ առաջիկայում դառնալու է Հայաստանի իրական բնորոշիչը՝ առանց իմաստների կամ անիմաստ իմաստներով մակերեսային, անդեմ պետություն, որտեղ հեծանիվը կարող է լինել կյանք, իսկ կյանքը՝ հեծանիվ, թամադան՝ վարչապետ, իսկ վարչապետը՝ թամադա, հայրենիքը՝ կեղծ, պետությունը՝ իրական․․․

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ