Հայաստանում անցկացվելիք զորավարժությունների առաջին փուլը ռազմաքաղաքկան է լինելու
2012 թ. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն Հայաստանում երկու կարեւոր միջոցառումներ կանցկացվեն` “Փոխգործակցություն-2012”-ը` արագ արձագանքման ուժերի կիրառմամբ, եւ զինված ուժերի կիրառման համար ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունը, որի առաջին փուլը ռազմաքաղաքական է:
Այսօր կառավարության նիստի ավարտից հետո այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նախարարի խոսքով, երկրոդ միջոցառման մեջ ընդգրկված են բոլոր պետական մարմինների ներկայացուցիչները, այդ թվում` ՀՀ Անվտանգության խորհուրդը:
“Այս շաբաթ բոլոր պետական մարմինների համապատասխան մարմինների հետ, ինչպես ամեն տարի, անց են կացվելու հավաքներ”,-նշեց Սեյրան Օհանյանը: Հունիսի 25-27-ին կանցկացվի զորավարժությունների ռազմաքաղաքական փուլը “Ռազմապետական ղեկավարման համակարգի ծավալումը պատերազմական իրավիճակներում և ագրեսիայի ետմղման հիմնական միջոցառումների կազմակերպում” թեմայով:
“Ես կխնդրեի, որպեսզի բոլոր ղեկավար մարմինների կողմից համապատասխան ցուցում լիներ՝ պատասխանատուներին նախապատրաստելու, որովհետեւ անց է կացվելու Հայաստանի Հանրապետության բերումը բարձր մարտական պատրաստության և դրա ֆոնի ներքո մենք նախապատրաստելու են համապատասխան հրամանագրեր` իրադրության գնահատումից հետո, ռազմական դրության բերման, զորահավաքի անցկացման, ագրեսիայի դիմագրավման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության նախագահի դիմումը ՀԱՊԿ ղեկավարությանը` մեզ աջակցելու համար”,-եզրափակեց պաշտպանության նախարարը: