Մարդկության պատմության մեջ պարզապես «ապրելու» ճանապարհը ընտրած ժողովուրդները անհետանում են, վերանում են, ջնջվում են
Քաղբանտարկյալի կարգավիճակում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը շարունակում է քաղաքացիներից իրենց հուզող խնդիրների վերաբերյալ հարցեր ստանալ։ Նա արդեն ձեւավորված ավանդույթի համաձայն այս շաբաթ նույնպես պատասխանել է դրանցից հինգին։
Կարեն Ամիրյան․ «Ի՞նչ եք կարծում, Նիկոլը եթե մնա, հերթական ընտրություններին կպարտվի՞ արդյոք ընտրություններում»։
Արմեն Աշոտյան․ Սովորական պայմաններում բնական կլիներ, որ քաղաքական ուժերը իրենց մտքում ունենան հերթական քաղաքական ցիկլի հարցը, և այդ տրամաբանությունը պայմանավորվեր նրանց գործունեությունը։ Սակայն Հայաստանը ապրում է աննորմալ իրականության մեջ, որտեղ երկու տարվա պլանավորման հորիզոնը անիրատեսական է։ Փաշինյանի պատճառով մենք դարձել ենք ոչ միայն անորոշ ապագայի, այլև անորոշ անցյալի երկիր, որտեղ հօգուտ իշխող ռեժիմի շահերին վերանայվում է, ռևիզիայի ենթարկվում նույնիսկ մեր նորագույն պատմությունը։
Ի՞նչ կմնա Հայաստանից 2026-ին, ի՞նչ կկատարվի այդ ընթացքում, եթե Նիկոլը մնա իշխանության, ի՞նչ նոր զիջումներ և կորուստներ կլինեն։ Ակնհայտ է, որ ամենադաժան սցենարները ամենաիրատեսականն են։ Ինքներդ վերլուծեք և հիշեք Հայաստանը 2020-ին և 2022-ին, մտովի համեմատեք երկրի վիճակը 2022-ին 2024-ի հետ։ Ինչ վերաբերում է ընտրությունների մեխանիզմներին, ապա պարզ է, որ Նիկոլը շատ ինտենսիվ օգտագործելու է իրավապահ համակարգը, վարչական ռեսուրսը, ֆեյքերի ֆաբրիկաները։ Դրան գումարեք նաև կույր, խուլ և համր միջազգայիններին։ Նիկոլի վարչապետությամբ ցանկացած ընտրությունները անցնելու են հենց այսպիսի դեկորացիաների մեջ։
Աննա Սարյան․ «Պայքարը բնական է որ ամռանը չի ակտիվանա, Ձեր վերլուծություններով սեպտեմբերին այն նոր թափ կստանա՞»։
Արմեն Աշոտյան․ Թե՛ Նիկոլը, թե՛ Ալիևը ցինիկաբար բարձրաձայնում են, որ հայ ժողովրդի դժոխքը շարունակվելու է, և հանրային դժգոհությունն ու ընդվզումը միայն աճելու են։ Կանխատեսելի է, որ, ցավոք նոր ֆորս-մաժորները, նոր աղաղակող զիջումները այս տեմպերով անխուսափելի են։ Ինչ ծավալի հրդեհ բռնկվի այդ կայծերից, դժվարանում եմ ասել։ Չմոռանանք, որ իրավապահ համակարգի վայրագություններին զուգահեռ իշխանությունը նոր թափով սկսել է բռնություն գործադրել քարոզչական դաշտում՝ զանգվածային բռնության ենթարկելով մարդկանց ուղեղները, հոգիները, սրտերը։ Վարձկան պրոպագանդիստները բերետավոր հրոսակներից անբարոյական են։ Ինչ վերաբերում է տարբեր քաղաքական սեզոններին, ապա ուզում եմ շեշտել, որ ազգային պայքարը ոչ թե Վիվալդիի «Տարվա եղանակներ» է, այլ Շոստակովիչի «Հերոսական Սիմֆոնիան»։
Սերգեյ Խաչատրյան․ «Հայաստանի կողմից Պաղեստինը որպես պետություն ճանաչելը փաստու՞մ է այն, որ գործող իշխանությունները Էրդողանի կամակատարներն են և ինչպե՞ս է հնարավոր դա փոխել հետագայում»։
Արմեն Աշոտյան․ Պաղեստինի ճանաչման հետ կապված ողջ պատմությունը Հայաստանի թրքահպատակ դիվանագիտության սկանդալային օրինակն է։ Այո, Պաղեստինի անկախության ճանաչումը պիտի լիներ քննարկման թեմա, խաղաքարտ, բայց ոչ թե Էրդողանի ձեռքերում, այլ հայկական շահերի։ Այդ քայլը պիտի Հայաստանին լուրջ բոնուսներ բերեր արաբական և իսլամական աշխարհներում, ինչպես նաև պրոպաղեստինյան միջազգային հանրային կարծիքում, և ոչ թե դառնար Թուրքիայի համար սեփական ազդեցությունը ի ցույց դնելու առիթ։ Էլ չասեմ, թե ինչքան ցինիկ և անբարո է դիտվել այսօրվա ռեժիմի կողմից Արցախի ժողովրդին պետությունից և ինքնորոշման իրավունքից զրկելը այլոց իրավունքը Թուրքիայի ճնշման տակ ճանաչելու ֆոնին։ Չեմ բացառում, որ այս տեմպերով Նիկոլը Էրդողանի ազդեցության տակ ճանաչի նաև Կոսովոն։
Սարգիս Խաչատրյան․ «Լրատվական և քաղաքական դաշտում նորից ակտիվ քննարկվում է Հայաստանի անդամության հարցը ԵՄ-ին։ Առաջարկվում է նույնիսկ հանրաքվե անել։ Ի՞նչ կասեք այս հարցին»։
Արմեն Աշոտյան․ Նայելով, թե ովքեր են ստացել եվրոպական ինտեգրման ջահակիրների դերը Հայաստանում, ինձ մոտ անկեղծ ցանկություն է առաջանում պաշտպանել ԵՄ-ն նրանց կեղտոտ ձեռքերից։ Նիկոլն և իր սպասարկուները որևէ աղերս չունեն իրական եվրոպական արժեքների հետ։ Ավելին, այսօրվա Հայաստանը շատ ավելի հեռու է պետականության եվրոպական ստանդարտներից, քան 2017-ին։ «Սերժի Հայաստանը» թե՛ քաղաքական, թե՛ իրավական առումներով շատ ավելի մոտ էր CEPA-ն թույլ էր տալիս հասնել «եվրոպական երկիր՝ եվրասիական տարածքում» բանաձևին։ Այն, ինչ ունենք այսօր՝ CEPA-ի իրագործման տապալում, պետական ինստիտուտների կազմաքանդում, համակարգային կոլլապս, անվտանգության ճգնաժամ, ծաղկող կոռուպցիան, Փաշինյանը փորձում է քողարկել «Եվրոպա ենք գնում» գայթակղիչ, բայց դատարկ և կործանարար կեղծիքով։ ԵՄ-ում մեզ ոչ մեկ չի սպասում, Եվրոպական խորհրդարան անցած քաղաքական ուժերի ծրագրերը դրա ապացույցն են։ ԵՄ չինովնիկները կարող են պարբերաբար հրապարակային ռեֆերենսներ անել՝ Հայաստանից Ռուսաստանին վերջնական դուր մղելու համար։ Նիկոլի համար այս թեման էֆեկտիվ քարոզչական փուչիկ է, նրա սպասարկուների համար՝ գաստրոլներ տալու առիթ։
Մարինե Սերոբյան․ «Հայաստանը և Ադրբեջանը ինչպե՞ս կարող են ապրել խաղաղ, կա՞ նմանատիպ հնարավորություն և հնարավո՞ր է, որ արցախցիները վերադառնան Արցախ»։
Արմեն Աշոտյան․ Ձեր հարցից օգտվելով՝ ուզում եմ անդրադառնալ Փաշինյանի արհեստական քարոզչական այն թեզին, որով նա հակադրում էր պայքարելն ու ապրելը։ Իր դավաճանական քաղաքականությունը «գաղափարական» հենքի վրա դնելու համար, նա չի խորշում ամենապարզունակ և աղաղակող կեղծիքներից։ Ցանկացած կենդանի օրգանիզմ՝ բակտերիայից մինչև փիղ, խատուտիկից մինչև կաղնի, ապրելու համար ստիպված են պայքարել։ Գոյության պայքարը անբաժանելի է նաև ժողովուրդների պատմությունից։ Չկա «ապրել» առանց «պայքարելու», այն էլ՝ մեր տարածաշրջանի նման տարածքում։ Մարդկության պատմության մեջ պարզապես «ապրելու» ճանապարհը ընտրած ժողովուրդները անհետանում են, վերանում են, ջնջվում են։ Եթե Նիկոլի նման մեկը ազդի հայ ժողովրդի պատմության վրա նախորդ դարերում, մենք վաղուց վերացած կլինեինք որպես ազգ։ Իհարկե, խորքային պատմագիտական վերլուծությունները նրան չեն հետաքրքրում։ Իր ներքին կարգախոսն է «Ինձնից հետո՝ ջրհեղեղ» մոտեցումը։ Այո, պայքարը չի երաշխավորում կյանք, բայց պարզապես «ապրելը» երաշխավորում է մահ։ Ուտի Նիկոլը մահվան քարոզ է անում, կոլեկտիվ զանգվածային մահվան։ Ինչ վերաբերում է Արցախ վերադառնալուն։ Եթե հրեաները 2000 տարի անց կարողանան վերադառնալ Ավետյաց երկիր, ինչո՞ւ դա չենք կարող անել մենք և ավելի շուտ։ Մնում է մի փոքր հարց լուծենք․ ազգովի ուզենանք դա անել ամենից շատ․․․
Արմեն ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ
«Նուբարաշեն» ՔԿՀ
aravot.am