Լավ գմփացնում էին․ մտածված աժիոտաժ ստեղծեցին, որ Նիկոլը փախնի․ զոհվածի մայր
Լավ գմփացնում էին. ընդ որում, լուսաձայնային նռնակները ոստիկանները հիմնականում նետում էին այգում հանգիստ նստած մարդկանց ուղղությամբ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց 44 օրյա պատերազմում նահատակված զինծառայող Դավիթ Գևորգյանի մայրը՝ Հանրային ռադիոյի լրագրող Ալիսա Գևորգյանը։ Նրա խոսքով՝ ոստիկանները մտածված են դա արել, որպեսզի Փաշինյանը հեռանա Ազգային ժողովից։
«Իրենք էդ աժիոտաժը ստեղծեցին, որպեսզի Նիկոլը փախնի»,-հայտարարեց Ալիսա Գևորգյանը։ Նա նույնպես տուժել է Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոց խաչմերուկում ոստիկանների և շարժման մասնակիցների միջև տեղի ունեցած բախման հետևանքով։ «Առաջին մեծ բախումից առաջ ինձ վատ էի զգում, նստել էի, որ հանգստանամ, սակայն, երբ քաշքշուկը սկսվեց, այլևս չկարողացա վեր կենալ՝ մնացի մարդկանց ու ոստիկանների ոտքերի տակ։ Իմ նման շատերն էին գետնին հայտնվել, ոտնատակ ընկել»,-պատմեց զոհված զինվորի մայրը։ Նա լուրջ վնասվածքներ չի ստացել՝ թեթև քերծվածքներ են, հագուստն է պատառոտվել։
Հիշեցնենք, Բաղրամյան պողոտայում հավաքի ժամանակ իրավիճակը լարվել է, բախումներ են սկսվել ցուցարարների եւ ոստիկանների միջեւ: Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել, որի հետեւանքով բազմաթիվ մարդիկ վնասվածքներ են ստացել, մի քաղաքացու ձեռքն է կտրվել: Տուժել են նաեւ լրագրողներ, ոստիկաններ:
Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը նշել է, որ ոստիկանների ուղղությամբ ապակյա շշեր են նետվել, ինչի հետևանքով նրանց շրջանում կան տուժածներ:
Առողջապահության նախարարության տվյալներով, Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան։ Նրանք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։
Ձեռքի դաստակի վնասվածքով պացիենտը վիրահատվում է։ Այլ ծանր վնասվածքով դիմած անձ չունեն։