22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Գործի դրվեց Հայաստանը վերջնականապես «Բաբելոնյան աշտարակ» դարձնելու օպերացիան. Իրավունք

Վեց տարի անց վերահաստատվեց, որ 2018-ին իշխանությունը զավթելու գործում իրենց մեծ ներդրումն ունեցել են աղանդավորները, եւ այսօր էլ նրանք փորձում են փրկել իրենց իսկ բերած իշխանությանը: Ընդ որում` ոչ թե նիկոլականներին պաշտպանելու համար, այլ` իրենց պիղծ ծրագրերը վերջնականապես կյանքի կոչելու: Բոլորովին պատահական չէր, որ Առաջին հանրապետության տոնին` մայիսի 28-ին, Սարդարապատ հուշահամալիր բարձրացող Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ սրբազան հայրերի ճանապարը կտրեցին ոստիկականական ուժերով, քանի որ այնտեղ պետք է այցելեր Նիկոլ Փաշինյանը իր կառավարության անդամների ու ՔՊ-ականների հետ… Համազգային խայտառակությո՜ւն: Ինչպես ասում է Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը. «Սարդարապատի հաղթական հերոսամարտից շուրջ 110 տարի հետո` նույն վայրում հայերը պարտություն կրեցին»։

ԱՂԱՆԴԱՎՈՐՆԵՐԸ  ՆՊԱՏԱԿ ԵՆ ԴՐԵԼ ՈՉՆՉԱՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Իսկ ի՞նչ  տեղի Է ունեցել օրեր առաջ, պարզապես, զարհուրելի է: Այո՛, աղետը միայն Լոռու մարզում չէ, ուր, ինչպես կասեր Հայոց բանաստեղծ Թումանյանը, գալարվում էր գիժ Դեբեդը մոլի: Պարզվում է` օրեր առաջ աղանդավորական հավաք է տեղի ունեցել «Անի» հյուրանոցում` ոչ հեռու Սուրբ Աննա եկեղեցուց, որը դարձել է յուրատեսակ հավաքատեղի` Սրբազան շարժման ակտիվի համար: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` աղանդավորները ամենքիս քթի տակ հավաքվել ու ներկայացրել են ՀՀ քարտեզն իրենց պատկերացմամբ, որտեղ ոչ միայն Արցախը չկա, այլ ՀՀ տարածքը բաժանված է 150 երկրի դրոշների, ընդ որում` ամենակենտրոնական դիրքում էլ Թուրքիայի դրոշն է: Իսկ հայկական դրոշը գտնվում է մի անկյունում` բզկտված վիճակում:

Անդրադառնալով սույն հավաքին` «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանն ահազանգում է` Հայաստանից սարքում են Բաբելոնյան աշտարակ. «Աղանդավորներն իրականացնում են այն խորքային ծրագիրը, որն ի սկզբանե դրված է Հայաստանը ոչնչացնելու նպատակով: Ժամանակին Հայկը հաղթեց Բելին, որը Բաբելոնի դեմ Հայաստանի հաղթանակն էր, Աստված դատապարտեց Բաբելոնյան աշտարակի կառուցումը: Հայաստանն այն ավետյաց երկիրն է, որտեղից ձեւավորվեց ոչ միայն քրիստոնեությունը, այլեւ մարդկությունը: Այս իմաստով Հայաստանը, Արարատի ստորոտներն ունեն շատ կարեւորագույն նշանակություն` Աստծո եւ Աստծո դեմ կռիվ տվող ուժերի համար: Եվ հիմա շատ կարեւոր է, որ այսօր մեր համազգային շարժումն առաջնորդում է Հայ Առաքելական եկեղեցու սպասավորը, այսինքն` Աստծո ծառան, որն իր մեջ պարունակում է դեպի Աստված ուղղված աշխարհայացքը»: Հետեւապես, Հ. Բաբուխանյանի գնահատմամբ` կա երկու ճանապարհ` կա՛մ Հայաստանը կոչնչացվի, կա՛մ պետք է ազատագրվի սատանայական ուժերից:

ԲԱՅՑ ՆԻԿՈԼՆ ԻՆՉ ԳՈՐԾ ՈՒՆԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ

Այն, ինչ անում են Նիկոլ Փաշինյան եւ Աննա Հակոբյան զույգը, իսկական, սատանիստական «ռիտուալ» է հիշեցնում: Փաշինյան Նիկոլը փաստացի խուսափեց միեւնույն ժամանակ Սարդարապատում գտնվել Վեհափառ Հայրապետի հետ, իսկ մինչ այդ սպասեց, որ այնտեղից իջնի Բագրատ սրբազանը` իր շարժման ակտիվով, հետո գաղտագողի տեղի ունեցավ պաշտոնական արարողությունը: Այս այցը հատկապես ուշագրավ է այն առումով, որ վերջին ամիսներին իր բոլոր ելույթներում Նիկոլ Փաշինյանը խոսում է այն մասին, թե` մենք ազգովի պետք է հրաժարվենք պատմական Հայաստանից եւ ապրենք ներկա Հայաստանում: Այս հայտարարությանը արձագանքել էին բազմաթիվ քաղաքագետներ, պատմաբաններ, ովքեր պնդում էին, որ այս թեզը կարող է մեզ համար ոչ թե անվտանգության նոր ուղենիշ հանդիսանալ, այլ ընդհակառակը` պատճառ դառնալ ազգային դիմագծի ընդհատման:

Բայց Փաշինյան Նիկոլն այս թեզով այնքան էր ոգեւորված, որ նույնիսկ հայտարարեց, թե ինքը պատմական Հայաստանի վարչապետը չէ, այլ` ներկա Հայաստանի: Հիմա հարց է ծագում` այդ նույն Փաշինյանը մայիսի 28-ին գնացել էր պատմական Հայաստանի կարեւոր խորհրդանիշերից մեկը՝ Սարդարապատի հուշահամալիր, ի՞նչ իրավունքով: Ի՞նչ կապ ունի նա Սարդարապատի հետ, սա իր հետ ի՞նչ առնչություն ունի: Արդյոք նման լոզունգներ հրապարակելիս Փաշինյանը չի մտածում, որ կարող է պահ գալ, որ իրեն` իբրեւ ներկա Հայաստանի վարչապետի, հարց տան` քեզ ո՞վ է թույլատրել առնչվել մեր պատմական իրողություններին:

Իսկ Փաշինյանի տիկինը` Աննա Հակոբյանը, զբաղված է տարօրինակ ծեսերով` անունը դրած սեւ ու սպիտակ փարթի: Այո՛, դե յուրե վարչապետի տիկինը քեֆ է անում, երբ Լոռու մարզում աղետի հետեւանքով ունենք զոհեր…«Ի՞նչ ասեմ…Դա ավելի շատ սատանայական ծես էր, գուցե` զուգադիպություն, ժամանակը ցույց կտա: Բայց պարը մահացածների ոսկորների վրա` հին սատանիստական ծես է: Այն, ինչ կատարվեց անբարոյականություն էր: Երբ գյուղեր ու տներ էին մնացել ջրի տակ, մարդիկ սիրտ ունեն զվարճանալու, երգելու, պարելու: Զարհուրելի էր», – ասում է «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման կանանց խորհրդի նախագահ Ալլա Հակոբյանը:

ՍՐԲԱԶԱՆԻ «ԻՔՍ»-ՈՎ ԾՐԱԳԻՐԸ ՆՈՒՅՆԻՍԿ ԳԱՂՏՆԱԼՍՈՂԸ ՉԲԱՑԱՀԱՅՏԵՑ

Ոչ պակաս ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման շուրջ: Վերջապես, բարձրաձայնվեց, որ Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն է լինելու շարժման կողմից առաջադրված անցումային կառավարության վարչապետի թեկնածուն: Իսկ թե ինչպե՞ս է շարժումը հասնելու դե յուրե առաջադրմանը` իր երկքաղաքացի լինելու պարագայում, ինչպե՞ս է անաստված իշխանության հետ հասնելու այդքան հարթակից հնչող ներքին հաշտության, ինչո՞ւ ասվեց, որ չեն դիտարկում արտահերթ խորհրդարանական ընտրություններ հիմա եւ խոսվեց նույնիսկ հերթական ընտրության մասին, եթե ոչ ընտրություններով, ապա ովքե՞ր են անցկացնելու «քաստինգ», թե կառավարության թեկուզ անցումային կազմում ովքեր պետք է լինեն եւ, ի վերջո, եթե սրբազանը չի հավակնում հետագայում եւս քաղաքական հայտ ներկայացնել, արդյոք նրա հետ բանակցությունների կնստեն ոչ միայն թշնամիները, այլեւ աշխարհաքաղաքական կենտրոնները, ինչպե՞ ս է Հայաստանը հասնելու առանց հակաների քաղաքականության, որի մասին բարձրաձայնվեց հանրահավաքին` մեր օրերում այս խիստ բեւեռացված աշխարհում: Այս եւ բազում հարցեր մնացին այդպես էլ օդում կախված:

Ընդ որում` այս հարցերով է, որ իշխանական թիվ մեկ «սազանդար» Հանրայինի Պետրոս Ղազարյանը նեղն է գցում շարժման անունից հանդես եկողներին, որոնցից հերթականին հրավիրել էր տաղավար,  քաղաքագետ Արթուր Խաչիկյանին: Ի զարմանս մեզ` ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր, քաղաքագետ Արթուր Խաչիկյանը, որը դասավանդում է ինչպես Ամերիկյան, այնպես էլ Սլավոնական համալսարանում, չկարողացավ պատասխանել Պետրոսի առաջ քաշած որեւէ հարցի, իսկ Պետրոսն իրեն հատուկ հեգնանքով արձանագրեց. «Շարժման մասին ոչինչ չգիտեք, բայց աջակցո՞ւմ եք: Ո՞նց եք համակրում, իրենց հետ քայլում, երբ չգիտեք` իրենք ինչ են ուզում»: Թերեւս տեղին է այս հարցում քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանի դիտարկումը, երբ հարց է բարձրացնում. «Ախր սա որքանո՞վ է օգնում շարժմանը, երբ որպես շարժման աջակից-քաղաքագետ հյուր ես գնում Պետրոս Ղազարյանին ու հենց առաջին վայրկյաններում 10-0 հաշվով տանուլ ես տալիս նրան ու ակամայից հաստատում ես այն ամենը, ինչը Պետրոսն է թելադրում քեզ:

Այս մասին պարտավոր եմ գրել, քանի որ արդեն այս կարգի երկրորդ պարագան է տեղի է ունենում Հանրայինում: Առաջիկա օրերին, երբ շարժումը լուրջ թափ է ստանալու, շարժման առաջնորդները լուրջ մտածելիք պիտի ունենան այն մասին, թե ո՞ւմ թույլ տալ գնալ Պետրոս Ղազարյանի մոտ հյուր»: Այդուհանդերձ, փաստ է, որ մինչ այս պահը Բագրատ սրբազանի շարժման ծրագրային քարտեզը լի է «իքսերով», որը գուցե ընտրված մարտավարություն է, բայց ոչ երկար աշխատող: Մի ծրագիր, որն անգամ Բագրատ սրբազանի սենյակի հատակը ծակելով ու գաղտնալսելով չկարողացան գաղտնազերծել:

«ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՓՈՐՁԱԴԱՇՏ ՉԷ՛»

Ի վերջո, երբ Բագրատ սրբազանի առաջադրմամբ շարժումն աշխարհայացքայինից վերածվում է քաղաքական գործընթացի, պետք է ունենա առաջին հերթին քաղաքական օրակարգ, որը դեռ հռչակված չէ: Միեւնույն ժամանակ, պարզ է, որ երբ այն հռչակվի, կբացահայտվի շարժման մեջ եղած ուժերի մեկը մյուսին: Սրանով է պայմանավորված, որ ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանն արձանագրում է, որ կարեւոր է այն, թե այսօր ով է ձեւավորում քաղաքական օրակարգը:

«Մենք ոչ միայն կողմ ենք, այլ դեռ մայիսի 13-ին հայտարարություն արեցինք, որ գտնում ենք` Բագրատ սրբազանը պետք է լինի վարչապետի թեկնածուն: Այո՛, անկուսակցական անձ, որը ներկայացնում է մեր հոգեւոր դասը, բայց որպես սկզբունք դարձնել անկուսակցականների կառավարություն ձեւավորելը, ինձ համար հասկանալի չէ: Սա նշանակում է հավաքել դրսից մարդկանց, ովքեր կա՛մ ընդհանրապես քաղաքական գործընթացներից ոչինչ չեն հասկանում, կա՛մ էլ հասկանում են ու թաքցնում, որ այս կամ այն գաղափարախոսության, քաղաքական ուղղվածության կողմնակից են` լինելով ձեւականորեն անկուսակցական: Ուստի` սկզբունքը պետք է լինի ոչ թե այն, թե այդ մարդը կուսակցական է, թե` ոչ, այլ ինչ գաղափարախոսության կողմնակից է, ինչ քաղաքական օրակարգի կրող է», – ընդգծում է Բաբուխանյանը եւ առաջարկում ստեղծել կոնսուլտացիոն խորհուրդ` կազմված այն կուսակցություններից, որոնք առաջին` սորոսական ծագում չունեն, երկրորդ` չեն մասնակցել եւ չեն մասնակցում Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների քայքայմանը, երրորդ` ընդունում են հայ ժողովրդի ազգային արժեհամակարգի առաջնայնությունը, չորորդ` չեն մասնակցել Նիկոլին իշխանության բերելուն կամ` եթե մասնակցել են, ապա դրանից հետո ժողովրդից ներողություն են խնդրել` ասելով, որ սխալ են գործել եւ ընդունում են իրենց սխալը: «Ժողովուրդը փորձադաշտ չէ՛»,- զգուշացնում է «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» գործադիր կոմիտեի անդամ Բաբուխանյանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ