«Նրանք քաջաբար են իրականացրել իրենց վրա դրված պարտականությունները»
ՀՀԿ գործադիր մարմնի այսօրվա նիստի ժամանակ անդրադարձ է կատարվել սահմանային լարվածությանը: Այս մասին նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա նշեց, որ կուսակցությունն անթույլատրելի է համարել ուժի կիրառմամբ ցանկացած ապակայունացման փորձ: Նա կուսկացության անունից ցավակցեց զոհված զինվորների ընտանիքներին:
«Նրանք քաջաբար են իրականացրել իրենց վրա դրված պարտականություններն ու մեծ վնաս են հասցրել հակառակորդին, ու մարդկային զոհերն անհամեմատ շատ ավելի շատ են ադրբեջանցիներից: Ադրբեջանցիների կողմից նման հարձակումներն արդյունք են Ադրբեջանի ղեկավարության ապակառուցողական և հակահայկական քաղաքականության: Մեզ այլ բան չի մնում, քան հստակ պատասխան տալ, ինչն էլ մեր տղաները լավագույնս կատարեցին, բայց մարդկային կորուստների գնով»,-նշեց ԱԺ փոխնախագահը:
Հարցին, թե կապ տեսնում է, որ ադրբեջանական դիվերսիայից առաջ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց մտահոգության մասին, որ կա ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հետ կապված, ՀՀԿ խոսնակը պատասխանեց. «Կապ չեմ տեսնում, որովհետև առաջին անգամ չէ, որ Ադբրեջանը նման լկտի գործողություններ է իրականացնում սահմանի երկայնքով: Մեկ անգամ չէ, որ մենք նշել էինք, որ հավանականությունը մեծ է, որ մինչև ապրիլի 24-ը Ադրբեջանը կփորձի շփման գծում լարվածությունը պահել, որովհետև թուրք-ադրբեջանական տանդեպի նպատակն է շեղել միջազգային հանրության ուշադրությունը շեղել ապրիլի 24-ի միջոցառումներից»:
Շարմազանովը նկատեց, որ նախագահ Սերժ Սարգսյանն առաջին անգամ չէ, որ անդրադարձել է այս հարցին, ու նշել է, որ մեր հասարակութանը մտահոգում է, որ մեր դաշնակիցը զենք է վաճառում մեր հակառակորդին: «Նախագահի կարծիքը եղել է ամբողջական, հստակ, ուղիղ, շիտակ ու այստեղ մեկնաբանելու բան չկա: Ես կապ չեմ տեսնում, ր պետք չէ նման գաղտնի դավադրությունների տեսությանը հավատալ»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: