21 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ինը մաս անապատը

Ինը մաս անապատը գտնվում է համանուն սարահարթի վրա, որը տարածվում է Արցախի հանրապետության Մարտակերտի շրջանի

Կուսապատ և Մոխրաթաղ գյուղերի միջև:

Հուշարձանախումբը տեղակայված է Հին Մոխրաթաղ գյուղատեղիից 500 մետր դեպի արևելք, բլրի վրա՝ շրջապատված լեռներով,

թավ անտառներով, դրանց միջով հոսող առուներով ու գետակներով:

Այս բնական համակարգը պատնեշ է դարձել անապատի համար։

Ներկա՝ Ինը մասանց (կամ Անապատ) կոչվող եկեղեցին  գտնվում է գյուղատեղիի հարավային եզրին՝ ձորաբերանի մոտ, ուր նկատելի են

նաև այլ պաշտամունքային կառուցվածքների ավերակները ։

Համալիրն այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից:

Հին Մոխրաթաղ գյուղը ժամանակին եղել է խոշոր բնակատեղի և մելիքական նստավայր՝ ունենալով մինչև 700 տուն բնակչություն:

Գյուղատեղիի և անապատի մասին պատմական տեղեկություններ քիչ են պահպանվել:

Դրանց մասին հիշատակում է Մակար Բարխուդարյանցը՝ նշելով բնակատեղիի տեղադրության, այնտեղ պահպանված եկեղեցու,

Մելիք Իսրայելյանների ապարանքի և իշխանական տան գերեզմանոցի մասին։

Հեղինակը գրում է նաև, որ իր այցելած ժամանակ գյուղատեղին արդեն լքված էր, իսկ բնակիչները տեղափոխվել էին Նոր Մոխրաթաղ ։

Ջալալյանցը նշում է Հին Մոխրաթաղում (որը նա Փոքր գյուղ է անվանում) երկու եկեղեցիների (Ինը մասանց, Աստվածածին) և

Մելիք Ադամին պատկանող ապարանքի մասին ։

Նրանց հաղորդմամբ Ինը մաս անապատը եղել է տեղացիների և շրջակա գյուղերի բնակիչների սիրված ուխտատեղին:

Համալիրի անվան ծագման հետ կապված տեղեկություններ չկան, միայն ենթադրելի է, որ այն իր անունն ստացել է այնտեղ պահվող

ինը մասունքների շնորհիվ։

Ինը մաս անապատը տարբեր բնույթի շինությունների համալիր է եղել։

Այսօր պահպանվել են գլխավոր եկեղեցին, գավթի պատերը, տապանաքարեր, երկու տասնյակից ավելի արձանագրություններ

և կոթողային այլ հուշարձաններ:

Ենթադրվում է, որ տեղում եկեղեցի է եղել դեռևս 12-րդ դարում, ինչի մասին վկայում են գլխավոր եկեղեցու պատերին ագուցված`

12-13-րդ դարերին պատկանող խաչքարերը:

Ներկա եկեղեցին կառուցվել է 19-րդ դարի վերջերին, ինչի մասին վկայում է հյուսիսային պատի արձանագրությունը.

«Ի 1881 ամի շինեցաւ Սուրբ ուխտս Ինն Մասանց տրոք ժողովրդոց ի ժամանակս Յովսէփ վարդապետի Փինաչեանց» :

Կառուցման երկրորդ արձանագրությունը գտնվում է խորանի ձախ կողմում՝ որմնասյան հարավային կողին․

«Շինեցաւ Սուրբ Ին Մասանց սեղանն ի տուրս Սհարխանումին վասն հոգոյ Յարութիւնի Բէկ Աթաբեկեանի, Կուսապատ գեղ, 1884 ամի» :

Արձանագրություն է պարունակում նաև մուտքի բարավորը :

Ներկա եկեղեցին ուղղանկյուն հատակագծով, արտաքին 8,0 x13,0 մետր չափերով դահլիճ է ։

Այն կառուցված է անմշակ և կոպտատաշ մշակում ունեցող քարերով։

Հիմնական շինանյութը կրաքարն է, օգտագործվել է նաև ավազաքար և գետաքար։

Եկեղեցու պատերի անկյունները, խորշերը, կամարները, ինչպես նաև բացվածքների շրջանակները կառուցվել են սրբատաշ կրաքարից։

Կառուցման այսպիսի եղանակ ենք հանդիպում նաև Արցախին հարևան Սյունիքի ճարտարապետական համալիրներում։

Շինությունները հիմնականում կառուցվել են կոպտատաշ մշակում ունեցող քարերով, իսկ կանոնավոր ձևի սրբատաշ քարերն օգտագործել են

անկյուններում, կամարներում, գմբեթարդներում, թմբուկներում և կոնստրուկտիվ տեսակետից ավելի պատասխանատու տեղերում ։

Միակ մուտքը բացված է եկեղեցու արևմտյան պատի հարավային անկյան կողմից՝ երկայնական առանցքից շեղված։

Այս կողմում՝ մուտքին կից բացված է նաև մեկ լուսամուտ։

Անապատի եկեղեցին եղել է թաղածածկ։

Աղոթասրահի կենտրոնական հատվածում՝ հարավային և հյուսիսային պատերին հենվող կոշտացնող կամարը կրել է կառույցի թաղակապ

ծածկը, որը չի պահպանվել։

Ծածկից պահպանվել է միայն խորանի գմբեթարդը, որն իրականացված է նեղ-երկար և մանր քարերի շարքերով ։

Ինը մաս անապատից դեպի հարավ-արևմուտք՝ բլրի վրա տարածվում է գերեզմանատունը։

Գերեզմանատան հյուսիսային կողմում թաղված են եղել Մելիք-Իսրաելյանների տոհմի նրկայացուցիչները:

Խորհրդային շրջանում Անապատը լքված և ավերակված վիճակում էր։

Անտառապատ և խոնավ վայրում գտնվելն ու խնամքից զրկված լինելը ժամանակի ընթացքում նպաստել են նրա ավերմանը։

Արցախյան պատերազմների ընթացքում առանձնակի վնասներ չի կրել, իսկ այսօր, քանի որ օկուպացված է Ադրբեջանի կողմից,

անապատի վիճակի մասին տեղեկություններ չկան:

Սկզբնաղբյուր՝ monumentwatch.org

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ