«Հակահարված» ուկրաինական պատվիրակությունից Հայոց ցեղասպանության բանաձևի վերաբերյալ

Եվրանեսթի վեհաժողովում քննարկվում է Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին նվիրված բանաձևի ընդունման հարցը: Հայկական պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը նշեց, որ հայոց խորհրդարանը միշտ բարձր է գնահատում նման բանաձևերի ընդունումը:
«Ոչ մի ցեղասպանական հանցագործություն մեկ օրում չի սկսվում ու ավարտվում, և միայն այն ժամանակ, երբ ցեղասպանություն արած ոճրագործն ընդունում է, արդյունք կարելի է տեսնել: Թուրքիան սեփական պատմությունը խմբագրելու անհաջող փորձերով է տարված»,-ասաց Զաքարյանը: Նա նկատեց` ցեղասպանության հարյուրամյակը պայքարի նոր սկիզբ է:
«Տպավորություն չլինի, որ Եվրանեսթն այս տարի Հայաստանում է անցնում, դրա համար էլ հայկական պատվիրակությունը ցանկանում է այս բանաձևն ընդունել»,-նշեց Զաքարյանն ու հավելեց, որ նախորդ տարի դեռ պիտի ընդունվեր այս բանաձևը, սակայն տեխնիկական պատճառներով հետաձգվեց ընդունումը:
Նիստը վարող համանախագահները նշեցին, որ ԵԺԿ-ն ամբողջությամբ պաշտպանում է այս բանաձևը ու հիշեցրին, որ արդեն ընդունվել է նման բանաձև:
Բանաձևի ընդունմանը դեմ արտահայտվեց ուկրաինական պատվիրակությունը, որի անդամները նշեցին, որ իրենց պատվիրակությունը միանշանակ չի վերաբերում այս հարցին:
Ըստ ուկրաինացիների՝ սա պայմանավորված է ՀՀ-ի պատվիրակության դիրքորոշմամբ՝ չքվեարկել «Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի ռազմական ագրեսիայի վերաբերյալ» բանաձևին: Նշվեց, որ այս ընթացքում զոհեր են եղել նաև Ուկրաինայի կողմից, սակայն հայկական կողմը չի պաշտպանում այս բանաձևը: