23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Զորյան ինստիտուտն Արիզոնայի համալսարանում կներկայացնի Հայոց ցեղասպանության պատմությունը

Զորյան ինստիտուտը երկրորդ տարին անընդմեջ մասնակցում է «Ցեղասպանության իրազեկման շաբաթ» միջոցառմանը, որն այս տարի ընթանում է Արիզոնայի պետական համալսարանում (ASU) 2024 թվականի ապրիլի 15-19-ը։

Զորյան ինստիտուտի տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ Ռոզենբլութ ընտանիքի բարեգործական հիմնադրամը 12-րդ անգամ անցկացվող «Ցեղասպանության իրազեկման շաբաթվա» շրջանակներում համախմբում է ականավոր գիտնականների, քաղաքական գործիչների, ակտիվիստների, արվեստագետների, իրավապահ մարմինների ներկայացուցիչների, մարդասերների, ովքեր հանդես կգան դասախոսություններով, կներկայացնեն ցուցադրություններ եւ վերապրողների պատմություններ՝ փորձելով հասկանալ, թե հասարակությունը ողջ աշխարհում ինչպես է առերեսվում եւ դիմակայում բռնի գործողություններին և ցեղասպանության առկա և շարունակական սպառնալիքներին, միաժամանակ նայելով անցյալին՝ դասեր քաղելու և ցեղասպանությունից տուժածներին հարգանքի տուրք մատուցելու ձգտումով։

Նշվում է, որ «Ցեղասպանության իրազեկման շաբաթ» միջոցառումը Ամերիկայի Միացյալ Նահանգներում ցեղասպանության կրթությանն ու իրազեկմանը նվիրված ամենամեծ միջոցառումն է:

Ինստիտուտի մասնակցության հիմքում ընկած է հայկական պատմությունները ներկայացնելու առաքելությունը՝ միաժամանակ ընդունելով ցեղասպանությունը որպես համամարդկային աղետ։

Այս տարվա համաժողովի թեման վերաբերում է ազգայնականության, պետական բռնության և ցեղասպանության մեջ պետության դերին․ այն, թե ինչպես է պետությունը նպաստում և իրականացնում ցեղասպանական բռնություններ։ Կենտրոնանալով ցեղասպան պետության վրա՝ Ցեղասպանության իրազեկման շաբաթ 2024-ի մասնակիցները իրենց կատարած ուսումնասիրությունների հիման վրա ներկայացնելու են ազգայնականության ավտորիտար և բացառող ձևերի տարբեր տեսակները, այն , թե ինչպես են կառուցվում և պահպանվում ազգային ինքնության ծայրահեղական ձևերը, ռասայականությունը և ռասայական գիտությունը, մշակութային արժեքների ոչնչացումը, կրոնական ազգայնականությունը, և թե ինչպես է զանգվածային բռնությունը մշակվում և խրախուսվում ցեղասպան պետությունների կողմից՝ օգտագործելով տեխնոլոգիան և քարոզչությունը։

Ապրիլի 18-ին Զորյան ինստիտուտում կանցկացվեն երկու պանելային հանդիպումներ, որոնցից առաջինի ընթացքում կներկայացվի 2020 թվականին ինստիտուտի պատվերով հրատարակված «Հավաքական և պետական բռնությունը Թուրքիայում» վերնագրով գիրքը: Այս աշխատությունը թուրքական ազգային ինքնության ստեղծման և փոքրամասնությունների, այդ թվում՝ ալևիների, հայերի, ասորիների, հրեաների, հույների, քրդերի և եզդիների նկատմամբ որպես «ներքին թշնամիների» վերաբերմունքի մասին է։ Այն իր տեսակի մեջ առաջինն է, որն ուսումնասիրում է մի շարք դեպքերի ուսումնասիրություններ և թուրքական պետության գործողություններն ու անպատժելիությունը:

Համաժողովին կմասնակցեն այս գրքի 16 հեղինակներից 3-ը. դոկտոր Այշենուր Քորքմազը՝ Նիդեռլանդների առաջադեմ ուսումնասիրությունների ինստիտուտից (Ամստերդամ), դոկտոր Դեյվիդ Գաունթը՝ Կալգարիի համալսարանից, և դոկտոր Համիտ Բոզարսլանը՝ Ecole des hautes études en: Sciences sociales (EHESS) –ից: Մասնակիցներից յուրաքանչյուրը ներկայացնելու է գրքում առկա ուսումնասիրություններից կամ թեմաներից որեւէ մեկը, նիստը վարելու է դոկտոր Բարլոու Դեր Մուգերդեչյանը:

Երկրորդ նիստը՝ «Բնիկների մշակույթների և լեզուների բնաջնջումը և վերակենդանացումը», համեմատական վերլուծություն է, որին մասնակցում են գիտնականներ տարբեր ոլորտներից։ Քննարկման մասնակիցներ Լորենա Ֆոնթեյնը՝ Վինիփեգի համալսարանից, Լորի Խաչատուրյանը՝ Կոռնելի համալսարանից և Թալար Շահինյանը՝ UC Irvine-ից, կներկայացնեն իրենց ուսումնասիրությունները Կանադայի, Միացյալ Նահանգների, Արևմտյան Հայաստանի և Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղ) բնիկ ժողովուրդների վերաբերյալ: Այս նիստը, որը վարում է Կարեն Ջարաթ Սնայդերը, փորձելու է քննել երկխոսության և փոխըմբռնման հնարավորությունները բնիկների միջև:

Ի հավելումն այս նիստերի՝ Զորյան ինստիտուտը կշարունակի իր հանձնառությունը՝ կրթությունը ավագ դպրոցի դասարաններում՝ «Արդարության, հանդուրժողականության, հաշտեցման և իրազեկման խթանում Ցեղասպանության կրթական ծրագրի միջոցով» թեմայով: Զորյան ինստիտուտի գիտական խորհրդի փոխնախագահ, պրոֆեսոր Ալեքս Ալվարեզի գլխավորությամբ այս նախաձեռնությունը 10-12-րդ դասարանների միջնակարգ դպրոցի աշակերտներին հնարավորություն է տալիս հիմնարար պատկերացում կազմել մարդկության դեմ հանցագործությունների և ցեղասպանության մասին՝ ներգրավված միջոցառումների, դասարանային քննարկումների և ֆիլմերի միջոցով:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ինստիտուտի մասնակցությունը Ցեղասպանության իրազեկման շաբաթին եւս մեկ անգամ ընդգծում է նրա նվիրվածությունը ցեղասպանության իրազեկման և կանխարգելման վերաբերյալ բովանդակալից ուսումնասիրությունների խթանմանը:

Զորյան ինստիտուտը, որպես ցեղասպանագիտության ոլորտում առաջամարտիկներից մեկը, շարունակում է որոշիչ դերակատարում ունենալ ցեղասպանության՝ որպես համամարդկային աղետի, թեմայի վերաբերյալ դիսկուրսի ձևավորման գործում, ինչպես նաեւ մարդկության վրա ցեղասպանության գործած երկարատեւ ազդեցության, ցեղասպանությունների կանխարգելման ուսումնասիրությունների իրականացման մեջ։

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ