23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Միայն Առաքելական Եկեղեցին է պահպանել վստահության վարկանիշը. տպավորություն է, որ դա ոմանց հանգիստ չի տալիս

Հանրային կառույցների ու դեմքերի համատարած վարկաբեկման ու նսեմացման պայմաններում, միայն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին է պահպանել վստահության անհրաժեշտ վարկանիշ, և տպավորությունն այն է, որ դա ոմանց խորապես հանգիստ չի տալիս. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, իրավաբան Գևորգ Դանիելյանը:

«21-րդ դարում չեք հանդիպի ցանկացած քաղաքական ռեժիմ ունեցող որևէ երկիր, որի իշխանությունը այսօրինակ պահվածք դրսևորի ազգային եկեղեցու, ընդհանրապես ցանկացած կրոնական կառույցի նկատմամբ: Ըստ էության, հանրային կառույցների ու դեմքերի համատարած վարկաբեկման ու նսեմացման պայմաններում, միայն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին է պահպանել վստահության անհրաժեշտ վարկանիշ, և տպավորությունն այն է, որ դա ոմանց խորապես հանգիստ չի տալիս: Դժվար, գրեթե անհնար է կռահել, թե այդ որ նշանակալից ձեռքբերումներն են հիմք տվել այդպես հոխորտալու համար: Եկեղեցին իրավասու է իր հավատացյալ զավակներին խոսք ասել, այդ թվում՝ քննադատել:

Վերջապես, Հայ Եկեղեցու եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների հայտարության ո՞ր միտքն է այդպես «մտահոգել» և իբր սուտ ընկալվել: Այն, որ Հայ Եկեղեցին փաստել է, որ հանձնվող 4 գյուղը Տավուշի մարզի՞ն են պատկանում: Բայց դա բացարձակ ճշմարտություն է: Վերջապես անհարկի հաճախ շրջանառության մեջ հայտնված Ալմա-Աթայի հռչակագրով դա ևս արձանագրվել է, քանի որ խոսքը հենց այդ պահին առկա պետական սահմանների մասին է եղել, իսկ ընդամենը 1988 թ. հունվարի 12-ին Հայկական ԽՍՀ և Ադրբեջանական ԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահների առաջին տեղակալների կողմից վավերացվել է (կնքել և ստորագրել են երկու կողմերը) նշված տարածքում պետական սահմանի սահմանագծման մասին Արձանագրությունը: Ընդ որում, միջպետական հանձնաժողովի աշխատանքները իրականացվել են ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1983թ. ապրիլի 15-ի թիվ ПП-7841 որոշման հիմքով: Եթե հավելենք, որ Ալմա-Աթայի հռչակագիրը, որպես վավերացված միջազգային պայմանագիր, գերակայում է ընթացիկ օրենքների նկատմամբ, ապա անգամ հարկ չի լինի վերլուծել ներպետական օրենսդրական ակտերը, թեպետ՝ դրանք ևս հիշյալ փաստի օգտին են խոսում, անկախ դրանցում, համայնքների խոշորացման պատճառաբանությամբ՝ հետագայում կատարված միջամտությունների», – նշել է Դանիելյանը:

Նրա համոզմամբ՝ ծայրահեղ դեպքում խոսք կարող էր լինել վիճահարույց խնդրի մասին, ուստի առավել ևս փաստարկված է Հայ Եկեղեցու հոգևոր դասի այն դիրքորոշումը, ըստ որի՝ առնվազն դե ֆակտո Տավուշի մարզի տարածքները զիջելը չպետք է նախորդի սահմանազատման և զահմանագծման գործընթացին, ինչը «Պետական սահմանի մասին» օրենքի իմպերատիվ պահանջն է:

Ըստ Գերագույն հոգևոր խորհրդի անդամի՝ նույն փաստարկները հավասարապես վերաբերում են նաև Գորիս-Կապան միջպետական ճանապարհին և մյուս հանձնված տարածքներին:

«Սուտ տեղեկատվությանը պետք է հակադրվել, և եթե նույն ջանասիրությամբ հակադարձեինք ադրբեջանական բացահայտ կեղծ նկրտումներին, ապա այդ երկրի նախագահը Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես չէր համարի «արևմտյան ադրբեջան»: Եվ բնավ պատահական չէ, որ ադրբեջանական քարոզչամեքենան նույն ոճաբանությամբ, բայց ավելի քաղաքակիրթ բառամթերքով ևս լծվել է Հայ Եկեղեցուն թիրախավորելու անհեռանկար ակցիաներին:

Մտահոգվա՞ծ են, թե ինչու է Հայ Եկեղեցին իբր միայն քաղաքական ու ռազմական հարցերով հայտարություններ անում, ապա դարձյալ չարաչար սխալվում են, քանզի Եկեղեցին մեկ օրվա տարբերությամբ էլ հորդորել էր Ազգային ժողովին ձեռնպահ մնալ ընտանեկան բռնության օրենսդրությունում այնպիսի նորամուծություններից, որոնք խարխլում են ավանդական ընտանիքի հիմքերը: Մատչելի բացատրվել էր, որ, այսպես կոչված՝ զուգընկերներին ընտանիքի անդամների համար նախատեսված իրավական պաշտպանության միջոցներ տրամադրելը հանգեցնում է խտրականության արգելքի սահմանադրական սկբունքի էության խաթարմանը և այլն», – նշել է զրուցակիցը:

Դանիելյանի խոսքով՝ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայ Եկեղեցին անդրադարձել է «Հայոց պատմության» դասագրքի խնդրահարույց լինելուն, պատմամշակութային արժեքների պահպանության, բռնագաղթված արցախահայության սոցիալական աջակցության և նմանաբնույթ բազում այլ խնդիրների:

«Վերջապես Հայ Եկեղեցու ո՞ր առաջարկությանն են հավուր պատշաճի արձագանքել: Հայ Եկեղեցին առաջարկում էր գոնե 1 օր ևս ճանաչել տոնական՝ կապված Սուրբ Ծննդի հետ: Եվ ինչ, Ազգային ժողովում նենգափոխում են առաջարկությունը, ասելով, որ չեն կարող այդքան շատ արձակուրդային ժամկետ սահմանել՝ կարծես խոսքն արձակուրդի մասին էր», – նշել է իրավաբանը՝ այս համատեքստում ընդգծելով, որ նույն արևմտյան Եվրոպայում կամ հարևան Վրաստանում նշված տոնական օրերը կրկնակի շատ են:

«Չեմ էլ ուզում անդրադառնալ այն կասկածամտությանը, թե իբր միայն այս օրերին են հիշել Սուրբ Աստվածածին Եկեղեցու մասին: Լավ, մի՞թե հանրահայտ չէ, որ բարերարների ջանքերով նորոգված 7-րդ դարի այդ Եկեղեցում սկսած 2017 թվականից կանոնավոր պատարագներ են մատուցվում:

Վերջապես, ի՞նչ է նշանակում, թե այդ բնակավայրերում չեն եղել համայնքների ղեկավարներ: Նախ, խոսքը ոչ թե ինքնուրույն գործող համայնքների, այլ օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանին հանձնված բնակավայրերի մասին է: Իսկ եթե հարցն այդպես ենք դնում, ապա չմոռանանք, որ Արցախում ոչ միայն հարյուրավոր համայնքների ղեկավարներ կային, այլև 30 տարուց ավել գործում էին բարձրագույն իշխանության մարմիններ, այդ թվում՝ Արցախի Հանրապետության Նախագահը, ինչը չխանգարեց Արցախը ևս Ադրբեջանի մաս ճանաչելուն:

Մտահոգողը նաև այն է, որ որևէ մեկի մտքով անգամ չի անցնում, որ եթե այդչափ համոզիչ խոսում եք բարեկամության հաստատման մասին, ապա ինչո՞ւ եք տարածքները հանձնելուն զուգահեռ անխուսափելի համարում հայաթափությունը, ինչո՞ւ չի քննարկվում այդ մարդկանց բնակության իրավունքը, ինչո՞ւ է բռնագաղթը վերածվում պետական քաղաքականության: Ադրբեջանն այս օրերին ցինիկաբար խոսում է Հայաստանի տարածքը ադրբեջանի փախստականներով վերաբնակեցնելու մասին, իսկ հընթացս բռնի տեղահանում է ողջ Արցախն ու նույնը ձգտում անվերապահ անել հետայսու մյուս տարածքներում», – եզրափակել է Դանիելյանը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ