01 Փետրվարի, Saturday, 2025
KFC

Սերգո Կարապետյանը ընդունել է Հայաստանում Կանադայի դեսպանին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Քյուրի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին նաև Կանադայի դեսպանության նախարար-հյուպատոս (Առևտրի և էկոնոմիկայի հարցերով) Նատալի Բեշամը և Խոզի մսի կանադական արտադրողների ասոցիացիայի (Canada Pork International) նախագահ Ժակ Պոմերլոն:

 Ողջունելով հյուրերին և բարձր գնահատելով նրանց ջանքերը հայ-կանադական գործարար կապերի ամրապնդման գործում` նախարարը վստահություն է հայտնել, որ այս հանդիպումը կնպաստի գյուղատնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնմանը:

Հակիրճ ներկայացնելով Հայաստանի Հանրապետությունում ոլորտի ներկա վիճակը և ընդգծելով աշխարհի առաջատար երկրների փորձի ընդօրինակման ու ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտությունը` նախարարը Կանադայի հետ փորձի փոխանակումը հատկապես օգտակար և իրատեսական է գնահատել:  

«Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հայաստանի բնակլիմայական պայմանները  բարենպաստ են գյուղատնտեսական մթերքների արտադրության համար` կարծում եմ, որ ներդրումային տեսանկյունից մեր երկիրը բավականին հետաքրքրական կարող է լինել կանադացի ներդրողների համար», – նշել է նախարարը:  

Գյուղատնտեսության բնագավառում Կանադայի հետ համագործակցության հեռանկարային ճյուղերի թվում նախարարը մասնավորապես նշել է տավարաբուծության, խոզաբուծության, թռչնաբուծության ոլորտները, ինչպես նաև ջերմոցային տնտեսությունների և պտղատու այգիների ստեղծումը:

Նախարարը նաև հնարավոր է համարել անասնաբուծության  ոլորտում համատեղ ֆերմաների հիմնումը, ինչը ոչ միայն կնպաստի հայկական շուկայում խոզի մսի պահանջարկի բավարարմանը, այլև այդ արտադրանքի դեպի ռուսական շուկա արտահանմանը:

Հանդիպմանը նախարարն առաջարկել է կանադական կողմին առավել հանգամանորեն ուսումնասիրել Հայաստանի ագրարային ոլորտը և ըստ այդմ մշակել և ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ներկայացնել ոլորտի զարգացմանն ուղղված բիզնես-ծրագրեր: 

Միաժամանակ նախարարը պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել հայ-կանադական փոխգործակցության խորացման և զարգացման  հարցում:

Համագործակցությունն իրավական հիմքերի վրա դնելու նպատակով Սերգո Կարապետյանն առաջարկել է քննարկել երկու երկրների գյուղատնտեսության նախարարությունների միջև համագործակցության մասին հուշագիր ստորագրելու  նպատակահարմարության հարցը:

Ի պատասխան նախարարի առաջարկին, դեսպան Ջոն Քյուրը հայտնել է, որ կդիմի Կանադայի գյուղատնտեսության նախարարությանը` համապատասխան աշխատանքային խումբ Հայաստան գործուղելու և համագործակցության հեռանկարային ուղղությունները ճշգրտելու  նպատակով:    

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ