«Պետության անվտանգության թիվ երկու սպառնալիքը հենց ինքն է` Նիկոլը». Արմեն Աշոտյան
«Նախ, պետք է ուղիղ արձանագրել, որ այն, ինչին Փաշինյանը պատրաստում է և խոստանում է հայ ժողովրդին, ոչ թե խաղաղություն է, այլ տանջող մահ։ Իսկ Ալիևի վերջին հարցազրույցը և Նիկոլի անատամ, խղճուկ արձագանքը միայն արտացոլում է, որ Հայաստանի գործող վարչապետը հայ ժողովրդի մեջքի հետևում ոչ թե խաղաղություն է բանակցում, այլ մեր բոլորի հաշվին սեփական իշխանությանը երկարացնելու պայմանները»,- այսպես է պատասխանել ՀՀԿ փոխնախագահ, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ազատազրկված Արմեն Աշոտյանը՝ Ելենա Պետրոսյանի հարցին՝ հասարակությանը խաղաղության պատրաստելիս թուլանո՞ւմ է պետության անվտանգությունը, թե ոչ։ «Պակաս հնարավոր չէ նաև այն հանգամանքը, որ Նիկոլը սեփական ժողովրդին դրել է անուղեղ, անարժանիք, անինքնասեր զանգվածի տեղ, որի ականջները փորձում է լցնել անբարո ստերի և կեղծ խոստումների կոկտեյլով, որը մի օր պայթելու է հենց Փաշինյանի երեսին։ Իսկ պետության անվտանգության թիվ երկու սպառնալիքը հենց ինքն է` Նիկոլը։ Թիվ մեկ սպառնալիքը, սակայն, ինքը չէ, այլ ժողովրդի մոտ դեռեւս առկա արժեհամակարգային ճգնաժամը, ճիշտն ու սխալի ճգնաժամը, արդարի և անարդարի ճգնաժամը։ Հենց այս ճգնաժամը հաղթահարվի, Փաշինյանը մեկ շաբաթ իր աթոռին չի մնա»,- կարծում է Արմեն Աշոտյանը։
Նարինե Մարտիրոսյանի հարցին՝ մեր երկիրը լցված է թմրամոլներով և խաղամոլներով, մի կողմից տարածքային կորուստներ մյուս կողմից այսպիսի խնդիրներ։ Ինչպե՞ս պայքարել այս ամենի դեմ, ՀՀԿ փոխնախագահը պատասխանում է. «Առաջին հայացքից է, որ Ձեր թվարկած խնդիրները իրար հետ կապ չունեն։ Իրականում թե մեր մարդկային և տարածքային կորուստները, թե խաղամոլությունն ու թմրամոլությունը ժողովրդի խորը բարոյահոգեբանական ճգնաժամի հետևանք են, և աճում են միեւնույն արմատից։ Ինչպես ցանկացած հիվանդության դեպքում, պետք է նայել հենց այդ արմատին։ Կարելի է թեթևացնել հազը, իջեցնել ջերմությունը, քչացնել հարբուխը, բայց այդ ամենը ոչ թե հիվանդության պատճառի, այլ հետևանքների դեմ պայքար է։ «Ո՞վ ենք մենք» հարցի պատասխանը վերագտնելուց հետո, ազգի քաղաքական «ես»-ը բյուրեղացնելուց հետո առկա բոլոր խնդիրները, այդ թվում` Ձեր թվարկած, կստանան լուծման լրջագույն միջոց և մոտիվացիա»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
aravot.am