Դոգից՝ Dogg Հայաստան
Կարճ՝ 2023 թվականի մասին
Տարեվերջին ավանդաբար մամուլը և հանրային գործիչները փորձում են ամփոփել անցնող տարին, և այս ռեֆլեկտոր գայթակղությանը չդիմացա նաև ես՝ փորձելով ձեզ ներկայացնել համեստ, բայց շատերից տարբերվող կարծիքս:
Եթե հակիրճ բանաձևենք, ապա կարելի է ասել, որ գալիք տարին մենք կրկին դիմավորում ենք Նիկոլի հետ և արդեն՝ առանց Արցախ:
Այս բանաձևի առաջին և երկրորդ մասերն օրգանապես շաղկապված են իրար հետ. մենք առանց Արցախ ենք, որովհետև Նիկոլի հետ ենք: Եվ ինչքան դեռ ամեն գալիք տարին, ամիսը, շաբաթը և առավոտը դիմավորենք Նիկոլի հետ, ապա «առանցների» ցանկը միայն ընդլայնվելու է:
Անցնող 2023թ. «ծովից ծովի» մասին երբեմնի երազող Հայաստանը դարձել է «Դոգից՝ Dogg Հայաստան»: Առաջին հայացքից կարող է թվալ, որ 18+ եթերներով հայտնի գործչի և համաշխարհային նախկին աստղի՝ Հայաստանի վրա ազդեցությունների միջև որևէ կապ չկա:
Բայց դա միայն առաջին հայացքից: Քանզի իրականում երկու փաստերն էլ երկրի համակարգային ճգնաժամի երկու սիմվոլիկ դրսևորումներն են:
Նիկոլի ջանքերով Հայաստանում կլինիկական մահ է ապրում քաղաքականությունը: Չկա գաղափար, նպատակ, իշխանություն, ընդդիմություն, չկան կանոններ: Անապատացած դաշտում սթրիմինգային «կարծիքի առաջատարների (opinion leader)» վերածվելը «թագադրողների (king-maker)», ինչպես եղավ Երևանի ավագանիում, խրտնեցնող է, բայց օրինաչափ:
Snoop Dogg-ի համերգի կազմակերպման նախաձեռնությունը պետական հսկայական միջոցների հաշվին ազգին պատած համակարգային ճգնաժամի ամենացայտուն օրինակներից է: Իսկ կառավարության հիմնավորումը ՝ «համերգի շնորհիվ բարձրացնել Հայաստանի ճանաչելիությունը աշխարհում», գարշահոտ խորխաբշտիկ է 5000 տարվա պատմություն ունեցող ազգի դաբաղած երեսին:
Արցախի հայաթափումը 2023թ.-ը դարձրեց ոչ թե «հերթական» սև տարի, այլ արտառոց ողբերգության տարեթիվ, իսկ «Դոգից՝ Dogg Հայաստանը»՝ մարդկության պատմության մեջ «հավեսով» անդունդը գլորվող ազգի նախադեպը չունեցող օրինակ:
Տարածված դառը հումոր է, երբ «ի՞նչ է լինելու» հարցին մարդիկ արձագանքում են. «մի քիչ էլ կվատանա, ու այդպես կմնա»: Ավա՜ղ, այդպես չի լինելու: Քանի դեռ ամեն տարի, ամիս, առավոտ մենք դիմավորում ենք «Նիկոլ վարչապետի» հետ, վատանալու է անվերջ, անդադար, անընդհատ և անդառնալի:
ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ
«Նուբարաշեն» ՔԿՀ
26.12.2023թ.