«Դիզելի» շինծու գործով դատախազը կարդաց մեղադրական ճառը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր ընթանում է դիզվառելիքի գործով հերթական նիստը:
Այսօրվա դատական նիստին նույնպես ներկա էր Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ իր փաստաբանների հետ, նրա կուսակիցները և աջակիցները: Դատական նիստին ներկա էր նաև այս գործով մյուս մեղադրյալը՝ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը:
Նախորդ դատական նիստին ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը դիրքորոշում հայտնեց համապարտության կարգով հօգուտ պետական բյուջեի 489 160 310 դրամի գումար բռնագանձելու պահանջի վերաբերյալ: Դիրքորոշման մի մասը ներկայացվեց գրավոր ձևով, մյուսը՝ բանավոր:
Պաշտպանը նշեց, որ դատախազությունն իրավունք չունի նման ձևակերպումներով հայցապահանջ կազմել, ու միջնորդեց վերադարձնել հայցվոր կողմի դիմումը, եթե չի վերադարձնի, ապա մերժի: Ամրամ Մակինյանը նաև ասաց՝ այս գործով քաղաքացիական հայց չի կարող ներկայացվել: Մյուս պաշտպանը միացավ Ամրամ Մակինյանի միջնորդությանը:
Այսօրվա դատական նիստը սկսվեց հանրային մեղադրողի կողմից մեղադրական ճառի ընթերցմամբ: Մեղադրական ճառի՝ շուրջ մեկ ժամ ընթերցումն ընդմիջվեց տեխնիկական խնդրով: Դատարանում վառվող հոսանքալարի խնդիրը շտկելու համար հայտարարվեց 10 րոպե ընդմիջում:
Մեղադրական ճառի ավարտին հանրային մեղադրողը պահանջեց ՀՀ 3-րդ նախագահ ՍերԺ Սարգսյանին ճանաչել մեղավոր ու ազատել քրեական պատասխանատվությունից վաղեմության ժամկետներն անցնելու հետևանքով, Բարսեղ Բեգլարյանին ճանաչել մեղավոր և ազատել քրեական պատասխանատվությունից վաղեմության ժամկետներն անցնելու հետևանքով, Գևորգ Հարությունյանին մեղավոր ճանաչել և ազատել քրեական պատասխանատվությունից վաղեմության ժամկետներն անցնելու հետևանքով, քաղաքացիական հայցը բավարարել ամբողջությամբ, խափանման միջոցները թողնել անփոփոխ, գույքի վրա կալանքը պահպանել մինչև քաղաքացիական հայցի լուծումը:
Դատախազի մեղադրական ճառից հետո Սերժ Սարգսյանի պաշտպան Հակոբյանը միջնորդեց վերացնել վերջինիս նկատմամբ ընտրված՝ չհեռանալու մասին ստորագրություն խափանման միջոցը:
Դատարանը հայտարարեց՝ այս միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակի 17:30-ին. կողմերի ներկայության անհրաժեշտությունը չկա: Հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 28-ին՝ ժամը 12:00-ին:
Հիշեցնենք, որ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել հին քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականի հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489 միլիոն 160 հազար ՀՀ դրամի հափշտակության կատարումը:
Հատուկ քննչական ծառայության կարծիքով՝ Սերժ Սարգսյանը հանձնարարել է իրենից փաստացի ծառայողական կախվածության մեջ գտնվող պաշտոնատար անձանց՝ անկախ ստացված էժան գնային առաջարկներից, որպես պետական մարմնի վառելիքի մատակարար՝ ընտրել «Ֆլեշ» ՍՊ ընկերությանը և մատակարարման պայմանագիրը կնքել այդ ընկերության հետ:
Ըստ մեղադրանքի՝ արդյունքում` հիշյալ ծրագրի իրականացման ընթացքում, 2013 թվականի փետրվարի 14-ից մինչև հունիսի 28-ն ընկած ժամանակահատվածում իրացվել է 12 մլն 88 հազար 334 լիտր դիզելային վառելիք, ինչի համար տրամադրված սուբսիդիայի գումարի չափը կազմել է 1 մլրդ 269 մլն 275 հազար ՀՀ դրամ: Մինչդեռ մատակարարման իրական հնարավորություններ ունեցող «Մաքսհուր» ՍՊ ընկերության առաջարկած գնով նույն քանակը մատակարարելու դեպքում սուբսիդիայի գումարը կկազմեր ընդամենը 846 մլն 183 հազար ՀՀ դրամ, այսինքն՝ փաստացի վճարված սուբսիդիայի գումարից վատնվել է 423 մլն 91 հազար ՀՀ դրամ ավելի վճարված գումարը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Գոհար Սավզյան
168.am